Քաղաքագետ. «Հանրապետականի դիրքերը թուլանալու են»

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է քաղաքագետ Հայկ Բալանյանի հետ:

-Պարոն Բալանյան, առջեւում խորհրդարանական ընտրություններն են: Ինչպիսի՞ սպասելիքներ ունենանք:

-Ունենալու ենք ավելի բազմազան խորհրդարան` բոլոր առումներով:

-Իշխող կուսակցության դիրքերը կուժեղանա՞ն, թե՞ կթուլանան:

-Կարծում եմ, թուլանալու են, քանի որ հենց ինքը՝ հանրապետականը եւ Սերժ Սարգսյանը գնում են իշխանության պատասխանատվության ապակենտրոնացման եւ տրոհման ճանապարհով: Սերժ Սարգսյանին այդ միջոցն անհրաժեշտ է, որպեսզի վերահսկի հանրապետականը եւ բացի հանրապետականից այլ հենարաններ ունենա՝ բացահայտ եւ ոչ բացահայտ: Իսկ հանրապետականի անդամները որոնում են իրենց համար նույնպիսի ապահովագրող կենտրոններ, որ անհարմար իրավիճակում ձեռնունայն չմնան:

Պարզ ասած` կառուցվում է զսպանակների մի համակարգ, որտեղ բոլոր խոշոր ընդդիմադիր եւ «ընդդիմադիր» միավորները զսպելու են իրար. Փաշինյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Տեր-Պետրոսյանը՝ ազգայիններին, որոնք առկա են բոլոր կուսակցական եւ նաեւ պետական կառույցներում, Կարեն Կարապետյանը՝ հանրապետականի հին գվարդիային, հին գվարդիան՝ Միքայել Մինասյանին, Միքայել Մինասյանը՝ Քոչարյանին, եւ այդպես շարունակ: ԱԺ ներկայացված եւ չներկայացված ուժերի խաչվող եւ փոխլրացնող-զսպող կապերով Սերժ Սարգսյանը փորձելու է ստեղծել մի համակարգ, որտեղ, իր նախագահության ավարտից հետո, բուրգի վերեւում պիտի պահպանվեն իր` որպես դատավորի եւ վերահսկիչի դիրքերը:

Հանրապետականը վերահսկողության տակ պահելու համար` Սերժ Սարգսյանին անհրաժեշտ են նաեւ ԱԺ-ից դուրս ուժեր եւ (կամ ուժայիններ ու քրեականներ եւ) կամ փողոց, այսինքն՝ այնպիսի մի անհաշտ ընդդիմություն, որը հանրապետականին զսպի ու պահպանի իշխանության մոնոլիտը: Սակայն անհաշտ հակառակորդների միջեւ առաջին իսկ անսպասելի դաշինքը մեծ խնդիրներ կառաջացնի:

Ամփոփելով նշեմ, որ ընտրությունների արդյունքով եւ հանրային կշռով հանրապետականի դիրքերը թուլանալու են, ընդ որում այդ թուլացումը իրականացնում է հենց Սերժ Սարգսյանը, որ 2018 թվականից հետո էլ վերահսկի հանրապետականին, բայց առայժմ այդ գործընթացը կրիտիկական չէ:

-Ի՞նչ ճակատագիր է սպասվում Սերժ Սարգսյանին:

-Սերժ Սարգսյանի ճակատագիրը կախված է մեկ հանգամանքից՝ թե ինչպես է նա հեռանալու իշխանությունից եւ ում է այն հանձնելու: Պահպանելով իշխանությունը՝ ոչ մի լավ ակնկալիք ինքն էլ չունի: Այլ հարց է, որ գնալ էլ չի կարող. ինքը չունի երաշխավոր, որ տնտեսական լծակները եւ իր ու իր ընտանիքի անվտանգությունը եւ անձեռնմխելիությունը կպահպանվեն:

Իմ կարծիքով, Սերժ Սարգսյանը չի հաշտվում այն մտքի հետ, որ իր ունեցածն այնքան անհամաչափ մեծ է, որ անհնար է որեւէ փոփոխություն մի երկրում, որտեղ նման տնտեսական սուպեր-օլիգարխ կա, ու իր տնտեսական անհամաչափ ներկայությունը եւ դիրքը երկրում պիտի շատ ավելի համեստ չափերի մեջ լինեն:

Ամեն ինչ շատ պարզ է: Ունեցվածքը պահպանելու համար կա երկու միջոց՝ կամ օրենքի գերակայություն, այդ թվում` ընտրություններով ձեւավորվող իշխանություն, կամ մեր ավանդական հայտնի մեթոդները: Հետեւաբար, Սերժ Սարգսյանն իր ունեցվածքը եւ անձեռնմխելիությունը պահպանելու համար պիտի մնա իշխանության մեջ եւ ղեկին՝ իր ունեցվածքին համարժեք չափերով եւ պատասխանատվությամբ: Իրականում, մեծամասամբ քաղաքական պայքարը Հայաստանում վաղուց վերածվել է ոչ լեգիտիմ ունեցվածքները եւ եկամուտները պահպանելու ու խլելու պայքարի:  Կամ էլ Սերժ Սարգսյանը պիտի պատրաստ լինի պահպանել այնքան ունեցվածք, ինչքանով որ այդ ունեցվածքը հանրությունը կամ իր հենարանը կհամարի լեգիտիմ եւ ինչքանով որ կպահպանի իր քաղաքական ազդեցությունը ընտրությունների մեխանիզմի վերականգնման դեպքում:

Լուսանկարը` Հ.Բալանյանի ֆեյսբուքյան էջից

Զրուցեց Անահիտ Սիմոնյանը

Դիտումներ՝ 24

Մեկնաբանել

comments