«Վարչապետի հայտարարությունը, կարծես թե, ինքնախոստովանական ցուցմունք էր»

Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն հայտարարեց, որ ապրիլյան պատերազմում ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով:

Շատերը կարծում են, որ Կ.Կարապետյանի հայտարարությունը պետք է ունենար իրավական հետեւանքներ: Ռազմական տեխնիկայի չաշխատելը (եթե դա այդպես է՝ տանկեր, հրանոթներ, ԲՄՊ-ներ, տարբեր տիպի քարշակներ) նշանակում է, որ մեծ հարված է հասցվել մեր զինվորներին, ովքեր թշնամու դեմ զենքով կռվելու փոխարեն իրենք են մեծամասամբ զոհվել: Եթե ռազմական տեխնիկան չի աշխատել, ուրեմն դրանով եւս կարելի է բացատրել մեր ունեցած տարածքային կորուստները, քանի որ ադրբեջանցիները մեր ռազմաճակատը ճեղքելու լիիրավ հնարավորություն են ունեցել:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանն «Ասպարեզի» հետ զրույցում կարծիք է հայտնում՝ ասելով, եթե ամեն ինչ նորմալ լիներ եւ բոլորը իրենց տեղում լինեին, մեզ կհաջողվեր խուսափել մեծ թվով զոհերից:

Ա.Վարդանյանն այն կարծիքին է, որ դատախազությունը պետք է հարցաքննի Կարեն Կարապետյանին:

-Այդ խոսակցությունները նոր չեն. դրա մասին բազմիցս խոսել են: Այդ մասին ժամանակին բարձրաձայնեց նաեւ ապրիլի 2-ին Ջեբրայիլի թեժ մարտերի ժամանակ զոհված գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայրը: Մինչ այժմ իշխանությունները այդ մասին չէին խոսում, սակայն վարչապետի արած հայտարարությունը, կարծես թե, ինքնախոստովանական ցուցմունք էր,-նշում է Ա.Վարդանյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մեր բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան աշխատեցնել հնարավոր չի եղել: Դիզվառելիքի հետ կերոսին են խառնում եւ, որպես անորակ վառելիք, վաճառում:

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 99

Մեկնաբանել

comments