Սերժ Սարգսյանն ու իր ստերը

Նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանի հանդիպումը զինված ուժերի ղեկավար կազմի հետ պատահական չէ: Չնայած նա իր ելույթում հայտարարել է, թե Հայաստանի զինված ուժերն ապակուսակցական  եւ ապաքաղաքական են, չեն մասնակցում քաղաքական գործընթացներին ու բանավեճերին, նշել, որ «միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու, եւ մենք էլ չենք մտցնելու», զգուշացրել, որ «նման փորձերն ուղղակի պատժվելու են», բայց հասկանալի է, որ ասվածը միայն խոսքեր են, իսկ հանդիպման բուն նպատական ու մեսիջները բոլորովին այլ են:

Սերժ Սարգսյանի խոսքերի ու գործունեության անհամապատասխանությունն այնքան հայտնի բան է, որ եթե դրանք կազմելու լինենք, ապա հատորներ կլինեն: Իր պաշտոնավարման շրջանում նա ինչեր ասես չի խոստացել, ինչ վարդագույն ապագա ասես չի գծագրել պետության ու ժողովրդի համար՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային, բայց դրանք բոլորը ոչ միայն իրականություն չեն դարձել, այլեւ անգամ չեն մոտեցել իրականություն դառնալու մատույցներին:

Բանակի՝ քաղաքական ու ընտրական գործընթացների առումով Սերժ Սարգսյանն հայտարարել է. «Այո՛, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը: Սակայն նախընտրական քարոզչության եւ իր պաշտոնական լիազորությունների իրականացման որեւէ խաչաձեւում չի լինելու»:

Իրականության մեջ պաշտպանության նախարարին ՀՀԿ համապետական ցուցակի առաջին հորիզոնականում ամրագրելն արդեն իսկ բանակին ու նրա ղեկավարությանը նախընտրական գործընթացներին ուղղակիորեն  մասնակցելու եւ խաչաձեւման տիպիկ օրինակ է: Առանց այն էլ բանակը, տարբեր ասպեկտներով, միշտ ներգրավված է եղել քաղաքական գործընթացներում, չգիտես ինչ տրամաբանությամբ (չնայած լավ էլ գիտենք՝ ինչ տրամաբանությամբ) ընտրությունների ժամանակ զինվորները մեկ մարդու պես քվեարկել ու քվեարկում են իշխանական թեկնածուների, ՀՀԿ-ի օգտին, եւ հիմա, երբ բանակի թիվ մեկ անձը գլխավորում է ՀՀԿ ընտրական ցուցակը, բանակի մասնակցությունն ընտրական գործընթացներին արդեն ուղղակի է լինելու:

Զինվորականների առաջ իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ առաջիկա նախընտրական քարոզարշավին՝ ասելով. « Մենք արդեն մուտք ենք գործել Ազգային ժողովի ընտրությունների փուլ: Այո՛, նախընտրական շրջանում մեր երկրում տեղի են ունենալու սուր բանավեճեր, երբեմն կարող են հնչել նաեւ չափազանցված եւ բորբոքված ելույթներ: Իհարկե, կլսեք խոստումներ, որոնք երբեք չեն իրականանալու: Վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը գիտեն եւ լսել են հայտնի արտահայտությունը, որ ամենամեծ ստերը հնչում են ընտրություններից առաջ եւ որսից հետո»:

Թվում է, թե այս խոսքերով Սերժ Սարգսյանը քար է գցում քաղաքական այլ ուժերի բոստանը, բայց այդ քարը նախ ընկնում է իր ու իր ՀՀԿ-ի բոստանը, քանի որ փուչ խոստումներն ու ստերն ամենաշատը հնչել ու հնչում են իրենց կողմից: Մյուս ուժերի ստերն այնքան վտանգավոր չեն, նրանք իշխանություն չեն, երկրի կառավարման հարցում էական պատասխանատվություն չունեն, իսկ իշխանական կուսակցության ստերը ուղղակիորեն առնչվում են պետության ու մարդկանց կենսագործունեության հետ:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 174

Մեկնաբանել

comments