«Պոբեդայի» տոմսերի թանկ գները

«Տեսա՞ք, որ բլեֆ էր».ինքնաթիռի փոխարեն միկրոավտոբուս

Նախորդ տարեվերջին, երբ «Շիրակ» օդանավակայանը վերսկսեց իր աշխատանքը, եւ շուկայում հայտնվեցին «Պոբեդա» ավիաընկերության էժան տոմսերը, Գյումրու որոշ տոմսարկղերում իսկական իրարանցում էր: Տոմսարկղերում ենթադրում էին, որ պակասելու է միկրոավտոբուսներով եւ ավտոբուսներով Ռուսաստանի Դաշնություն մեկնող քաղաքացիների թիվը, այսինքն՝ «Պոբեդան», այսպես ասած, խփելու էր որոշ սեփականատերերի բիզնեսին:

Հայկական լրատվամիջոցները, միմյանց հերթ չտալով, հրապարակեցին «Պոբեդա» ավիաընկերության տոմսերի նվազագույն գների մասին. գները, ի դեպ, սկսվում էին մոտ 7500-8000 ՀՀ դրամից:

2016-ի նոյեմբեր ամսին մոտավորապես այսպիսի բովանդակությամբ հրապարակումներ հայտնվեցին.

Շիրակ օդանավակայան

««Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունն իր պաշտոնական կայքում հայտարարել է դեկտեմբերի 15-ից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Գյումրու «Շիրակ» օդանավակայան ու հակառակ ուղղությամբ չվերթների մեկնարկի մասին: Տոմսերի գները սկսվում են 999 ռուբլուց (մոտ 7500 դրամ): 500 ռուբլի (մոտ 3700 դրամ) հավելավճարի դեպքում ընկերությունն առաջարկում է նաեւ Երեւանից Գյումրի ավտոբուսի ծառայություն: Հնարավոր է պատվիրել նաեւ «Պլյուս» եւ «Պրեմիում» փաթեթներ: Դրանց տոմսերը ներառված ծառայությունների արդյունքում ավելի թանկ են, համապատասխանաբար` 2.000 եւ 6.000 ռուբլի» եւ այլն:

2017-ի դեկտեմբերի 15-ին Գյումրու ավիաընկերության սահմանված ամենաէժան գինը, սակայն, 8.300 դրամ էր, որը չէր ներառում ուղեբեռը, այսինքն՝ վերեւում նշված տոմսի արժեքն իրականում տարբերվում էր ավիաընկերության տոմսի արժեքից մոտ 800 դրամով:

2016-ի դեկտեմբերի 15-ից անցել է արդեն 2 ամիս եւ նման էժան տոմսերն արդեն անցյալում են, տոմսերի գները բարձրացել են: Այս օրերին Գյումրիում «Պոբեդայի» ամենաէժան տոմսն արժե 24 հազար դրամ, իսկ թանկը՝ 32 հազար, ներառում է մի քանի կտոր ուղեբեռ, Գյումրիում մեկնողների ամենափոքր ուղեբեռը, սակայն, կշռում է 30 կգ, այս ուղեբեռի դեպքում բարձրանում է նաեւ տոմսի արժեքը:

Միկրոավտոբո՞ւս, թե՞ ինքնաթիռ

Պարզվում է՝ Շիրակի մարզից միկրոավտոբուսներով ու ավտոբուսներով ՌԴ մեկնող քաղաքացիների թվի պակաս տոմսարկղերում այդպես էլ չի եղել այս վերջին 2-3 ամսում, այսինքն՝ «Պոբեդայի» համեմատաբար էժան տոսմերը ազդեցություն չեն ունեցել եւ քաղաքացիների մեծ մասը նորից նախընտրել է միկրոավտոբուսներով ՌԴ մեկնել: Պատճառներից մեկը տոմսերի արժեքի տարբերությունն է:

Միկրոավտոբուսով ՌԴ մեկնող քաղաքացին վճարում է 25 հազար դրամ, գումարի մեջ ներառում է մինչեւ 20-25 կգ ուղեբեռ: «Պոբեդայից» օգտվելու դեպքում ուղեւորը նման ուղեբեռի դեպքում ստիպված է վճարել շուրջ 50 հազար դրամ, կամ մի փոքր ավել-պակաս: Ուղեւորների հաշվարկներով՝ «Պոբեդայի» մեկ տոմսն արժե միկրոավտոբուսի 2 տոմս, հետեւաբար մեկնողների համար ֆինանսապես ձեռնտու տարբերակը միկրոավտոբուսն է:

Մյուս պատճառը, ըստ ուղեւորների, անձնական է: Ինքնաթիռում ընտանիքի անդամները չեն կարող իրար կողք-կողք նստել, մինչդեռ միկրոավտոբուսներում եւ ավտոբուսներում նման խնդիր չկա:

Ե՞րբ կհայտնվի ամենաէժան տոմսը

«Ասպարեզի» ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ 7500 կամ 8000 դրամ արժեք ունեցող «Պոբեդայի» տոմսերը շուկայում կամ ուղեւորի ձեռքին հայտնվելու ժամկետի եւ օրվա մասին հստակ տեղեկություններ չկան: Տարբեր հարցումների արդյունքում պարզեցինք, որ մինչեւ հուլիս-օգոստոս նման արժեքով տոմսեր դժվար թե հայտնվեն շուկայում:

«Տեսա՞ք, որ բլեֆ էր»,-էժան տոմսերի մասին խոսելիս՝ հակադարձում է ՌԴ մեկնող քաղաքացիներից մեկն ու պատմում, որ իրեն մինչ այժմ չի հանդիպել մեկը, ով կարողացել է «Շիրակ» օդանավակայանից Մոսկվա հասնել 7000-10000 դրամով: «Հա, լավ, էդ տոսմերն ի՞նչ էղան, եթե մեզի կսեն, թե ծախվել է, էլ չունենք: Դե, եթե կա ըդպես բան, բերեք աչքս մտցրեք, թոռս պտի հունիս-հուլիսին էրթա Մոսկվա, էդ ամսին էժան տոմսը 35-40 հազար է, հա բայց հետն էլ վեշ պտի տանի, էդի կեղնի 60-80 հազար փող»,-եզրափակում է Գյումրու բնակիչը:

Շիրակ օդանավակայան

Միֆն ու իրականը

«Պոբեդայի» աշխատանքից պատասխանատու եւ վերահսկող մարմինները դժգոհ չեն, բայց հնարավոր է, որ առաջիկա ամիսներին «Պոբեդան» ունենա մրցակից ընկերություն, սակայն կոնկրետ անվանումներ չեն շրջանառվում: Շրջանառվում է նաեւ «Շիրակ» օդանավակայանից եվրոպական երկրներ թռիչքներ կազմակերպելու մասին լուրը, որը պաշտոնապես դեռեւս ոչ հերքվում, ոչ էլ հաստատվում  է: Գյումրու օդանավակայանը վերականգնելու ներդրումային ծրագիր եւս իրականացնելու է, մեկնարկի մասին պաշտոնական տեղեկություն առայժմ չկա:

ՀՀ բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ավիաօդերեւութաբանական ծառայություններ է մատուցում նաեւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից օգտվող ավիաընկերությունների համար: «Շիրակ» օդանավակայանի զարգացման, գործունեության ընդլայնման, ինչպես նաեւ այն առավել գրավիչ դարձնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը որոշում կայացրեց փետրվարի 1-ից բոլոր ավիաընկերությունների համար օդանավակայանում սահմանել անվճար ավիաօդերեւութաբանական սպասարկում: Մինչ այդ մեկ ավիաչվերթի սպասարկման գումարը կազմում էր 33.000 դրամ:

Այս որոշման նպատակը, ըստ բնապահպանության նախարարության, ավիաընկերությունների հետաքրքրության մեծացումն է «Շիրակ» օդանավակայանի նկատմամբ եւ վերջինիս հնարավորությունների օգտագործումը, որը, նախարարության տեղեկատվության համաձայն, նպաստելու է Հայաստանի Հանրապետության հյուսիսային հատվածում տնտեսական ակտիվության բարձրացմանն ու տուրիզմի՝ այդ թվում էկոտուրիզմի զարգացմանը:

ՀՀ կառավարության այս զարգացման ծրագրերի նախագծերին, որոշումներին զուգընթաց իրականությունն այլ բան է ապացուցում: Այն, որ ուղեւորներն հետաքրքրված չեն վերը նշված ծրագրերով ու որոշումներով. ուղեւորին այսօր հետաքրքրում է իր սեփական գրպանի փողն ու մեկնելու էժան տարբերակը:

Այսպիսով, կառավարությունն ու գործարարը միֆն են «կառուցում», իսկ ՀՀ քաղաքացին ու ուղեւորը՝ իրականությունը կերտում:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 425

Մեկնաբանել

comments