Որոշիչ ընտրություններն ու քաղաքացիների հնարավոր պասիվությունը

«Գաղափարախոսությունը աթոռ ունենալն է, շահերը ապահովելը»

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից ինչպիսի՞ ակնկալիքներ ունեն ՀՀ քաղաքացիները: Թեմայի վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է քաղաքագետների, հասարակական, մշակութային գործիչների հետ:

Լեւոն Շիրինյան, քաղաքագետ. «Որեւէ ակտիվություն չեմ նկատում քաղաքացիների մոտ, որովհետեւ ժողովուրդն ընհանրապես ոչ մասնագիտական առողջ տրամաբանություն ունի եւ նա իր շահն այս եղածի մեջ չի տեսնում: Այս պայքարը պլուտոկրատիայի միջեւ է, փողատերերի տարբեր խմբերի միջեւ մրցույթ է, թե ով` ինչ տեղ պետք է զբաղեցնի: Քաղաքական կուսակցություններ այդ իմաստով չկան, կան շահերի խմբեր: Այդ իսկ պատճառով խմբավորումները տարօրինակ ձեւեր են ընդունում, որովհետեւ շահերի խմբերը չեն կարող գաղափարախոսություն ունենալ: Գաղափարախոսությունը աթոռ ունենալն է, պետական մարմինների միջոցով սեփական տնտեսական եւ այլ ամբիցիաները, շահերը ապահովելը: Կուսակցությունները դադարեցին լինելուց: Կուսակցությունն էլ որ ասում ենք` թաղանթը կուսակցություն է, որովհետեւ գրավիչ է, իսկ բովանդակությունը շահերի խմբերն են, որոնք նաեւ խորհրդարանում ճնշման խմբեր են դառնում: Հիմա շահերի խմբերը տեղավորվում են խորհրդարան, որպեսզի իրենց կոորպորատիվ շահերն իրականացնեն: Ժողովրդի համար անհասկանալի է այս ամենը: Չկա եւ չի լինում կուսակցություն, երբ նման վիճակ է»:

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ. «Չեմ կարծում, թե որեւէ մեկը որեւէ ակնկալիք ունի: Քաղաքացիների միակ ակնկալիքն այն է, կարծում եմ, որ ընտրություններից հետո բողոքի հսկայական ալիք կարող է բարձրանալ եւ որ դա կարող է փոփոխությունների հանգեցնել: Ընդհանրապես Հայաստանում ապատիան (անտարբերություն.-հեղ) եւ հիասթափությունն այնքան խորն են, որ ընտրություններից որեւէ դրական ակնկալիք՝ բացի իշխող կուսակցությունից, որի համար դրականը սեփական հաղթանակն է՝ որեւէ մեկը որեւէ պարագայում չի կարող ունենալ»:

Միքայել Զոլյան, քաղաքագետ. «Կարծում եմ` այսօր քաղաքացիներն ընտրությունների հետ կապված առանձնապես մեծ ակնկալիքներ չունեն։ Մասամբ դրա պատճառն այն է, որ քաղաքացիներն ընդհանուր առմամբ հիասթափված են ամբողջ քաղաքական համակարգից եւ չեն կարծում, որ ընտրություններով հնարավոր է ինչ-որ բան փոխել։ Նրանք հասկանում են, որ իշխանությունը, հավանաբար, կիրառելու է վարչական ռեսուրսը, իսկ եթե դա չաշխատի, միշտ կարող է պարզապես ինչ-որ թվեր նկարել։ Բացի այդ, քաղաքական դաշտում քիչ են նոր դեմքերը, որոնց հետ ինչ-որ հույսեր կապվեն։ Մասամբ էլ ակնկալիքները ցածր են, որովհետեւ շատերը դեռեւս չեն գիտակցում, որ այս ընտրությունը որոշիչ է լինելու մոտակա մի քանի տարվա համար, քանի որ նախկինում Հայաստանում խորհրդարանական ընտրությունները երկրորդական դեր են խաղացել։ Բայց իրավիճակը կարող է փոխվել, երբ ընտրությունների օրը մոտենա, հատկապես, եթե ընտրողները զգան, որ ներկա իշխանությանը շատ թե քիչ լուրջ այլընտրանք է ձեւավորվում։

Ռուբեն Բաբայան, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ. «Տարբեր քաղաքացիներ տարբեր կարծիք ունեն: Կարծում եմ` որոշ մասը սպասում է փոփոխությունների. իհարկե, որոշ մասը չի հավատում որեւէ փոփոխության, որոշ մասը սպասում է, որ ինչ-որ գումար կաշխատի այս ընտրությունների ժամանակ, այնպես` ինչպես միշտ, սովորաբար: Բայց կարծում եմ, որ այլեւս, ինչպես միշտ, սովորաբար գնալու էլ տեղ չկա, եւ հասարակությունը, երեւի թե, ինքը պետք է առաջինը կարողանա ձեւավորել համապատասխան պահանջներ եւ ներկայացնի այդ պահանջները քաղաքական ուժերին, այլ ոչ թե սպասի, թե ինչ կառաջարկեն քաղաքական ուժերը: …Բոլորն ասում են, որ ուզում ենք դատական անկախ համակարգ, իսկ ինչպե՞ս ենք հասնում դրան, ես ռեալ ոչինչ չեմ տեսնում: Մենք խոսում ենք խոսքի ազատության մասին, մենաշնորհից ազատվելու մասին, շատ լավ է, ինչպե՞ս… մենք խոսում ենք ազատ շուկա դուրս գալու մասին, մենք ասում ենք, որ իրականում մեր գտնվելը Եվրասիական տնտեսական միությունում չի խանգարում մեզ շփվել ամբողջ աշխարհի հետ, ինչու՞, ինչպե՞ս, երբ մենք տեսնում ենք հակառակ արդյունքները: Ես կողմնակից եմ քայլերի, այլ ոչ ձեւավորված նպատակների: Ես պրակտիկ մարդ եմ, ես ուզում եմ ունենալ լավ ներկայացում, սա շատ գեղեցիկ խոսքեր են, ինչպե՞ս եմ ուզում դա ունենալ, ի՞նչ եմ անելու, ի՞նչ կադրեր եմ հրավիրելու, ի՞նչ եմ բեմադրելու, ինչպե՞ս եմ հարաբերությունները կազմակերպելու, ինչպիսի՞ նկարիչ, կոմպոզիտոր… սրանք շատ կարեւոր են: Նաեւ կարծում եմ, որ մեր գնահատականը` տարբեր քաղաքական ուժերի պետք է ձեւավորվի ոչ թե այսօր, թե իրենք ինչ են մեզ խոստանում, այլ իրենց անցած ճանապարհով, ինչպես եւ քաղաքական գործիչների»:

Սաշիկ Սուլթանյան, Եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահ. «ՀՀ քաղաքացիների գլխավոր ակնկալիքն այս ընտրություններից կապված է սահմանադրական փոփոխություններից ակնկալվող արդյունքների հետ: Ըստ իս` ժողովրդի մի զգալի զանգված կարծում է, որ սահմանադրական փոփոխություններից հետո ձեւավորվելիք նոր կառավարման համակարգը հնարավորություն կտա Հայաստանին առաջընթաց գրանցել նախ տնտեսական ոլորտում, հետո մնացած ոլորտներում:

Ազգային փոքրամասնությունների համար սույն ընտրությունները արմատապես տարբերվում են նախորդներից: Եթե նախորդ ընտրություններում ազգային փոքրամասնությունների խոշոր համայնքները (եզդիներ, ասորիներ) մյուս կուսակցությունների հետ համագործակցում էին տվյալ համայնքի ձայները ստանալու եւ փոխարենը ինչ-որ խնդրի լուծման ակնկալիքի ձեւաչափով, ապա այս անգամ ամենամեծ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն են ստացել  կուսակցությունների հատուկ ցուցակներում ընդգրկվելու միջոցով մտնել Ազգային ժողով: Օբյեկտիվորեն Ազգային ժողովում ընդգրկված պատգամավորը չի կարող սարեր շուռ տալ եւ լուծել տվյալ փոքրամասնությունների բոլոր խնդիրները, սակայն ազգային փոքրամասնությունների մոտ այս ընտրությունները դիտվում են որպես նոր նախադեպ իրենց խնդիրների լուծման տեսանկյունից:

Ազգային փոքրմասնությունների դեպքում խնդիրներ միշտ կան: Գլխավոր խնդիրները իրավունքի իրացման ոլորտում են: ՀՀ օրենսդրական դաշտը մեծ հնարավորություն է տալիս եզդիներին, սակայն հենց մեր համայնքը չունի բավարար մարդկային ռեսուրս , որպեսզի իրացնի այդ իրավունքները: Մեր կազմակերպությունը ՀՀ նախագահի աշխատակազմի հետ 2-րդ տարին է` ծրագիր է իրականացնում եզդիական գյուղերում կրթության դերի բարձրացման հետ կապված, որը հանրավորություն կտա ունենալ ավելի շատ ուսանողներ: Այդ ուսանողներին կրթելու ու հմտությունների զարգացման միջոցով կարող ենք ունենալ կազմակերպությունների համար կադրեր՝ իրավաբաններ, ռեժիսորներ, մանկավարժներ, մեթոդաբաններ, ովքեր կլուծեն իրենց համայնքի կրթական, մշակութային, իրավապաշտպան խնդիրները: Սա միայն օրինակներից մեկն է: Ընդհանուր խնդիրը համակարգային է եւ ամենակարեւոր բանը, որ պետք է արվի եզդիների համար, հմտություններրի զարգացումն է, որպեսզի հենց իրենք լուծեն իրենց խնդիրները: Մեկ պատգամավորը, իհարկե, չի կարող այս ամենն իրականացնել, սակայն սա կարող է սիմվոլիկ օրինակ դառնալ եզդիների համար, որ իրենք կարող են Հայաստանում օրենքի շրջանակներում բոլոր մեթոդներով զարգացնել իրենց մշակույթը, պահպանել ինքնությունը եւ իրենց ոչ ոք չի խանգարի»:

Սերգեյ Դանիելյան, դերասան: Ս.Դանիելյանը պատասխանում է` մեջբերելով ամերիկացի գրող, լրագրող Մարկ Տվենի հայտնի խոսքը. «Եթե ընտրություններից որեւէ բան կախված լիներ, ապա մեզ թույլ չէին տա մասնակցել դրանց»:

Վահրամ Մարտիրոսյան, գրող. «Կարծում է, որ այս ընտրություններն աչքի կընկնեն քաղաքացիների ակնկալիքների բացառիկ բացակայությամբ»:

Փիրուզա Պետրոսյան

Դիտումներ՝ 176

Մեկնաբանել

comments