«Եթե ասեմ, որ կաշառք եմ բաժանելու, գիտեմ, թե ինչ կլինի իմ հետ»

Շիրակի մարզպետի խորհուրդն ու դասը

Փորձագետները Գյումրիում խորհրդարանական ընտրություններին բնակչության 30-40 տոկոսի մասնակցություն են ենթադրում: Պատճառներից են ընտրողների հուսահատությունն  ու անվստահությունը: Անապահով, անօթեւան բնակիչներն այսօր սպասում են հնարավոր ընտրակաշառքի բաժանմանը, բնակչությունն այս մասին անգամ բարձրաձայն ու հրապարակային է արտահայտվում:

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը եւս տեղյակ է ընտրողների այս տրամադրվածության մասին: ՀՅԴ Շիրակի մարզի շտաբը ղեկավարող մարզպետը լրագրողներին հորդորում է նույն մակարդակում նայել հնարավոր կաշառք բաժանող եւ կաշառք վերցնող քաղաքացիներին:

«Երբ որ մի պաշտոնյա փորձում է իր պարտականությունները կատարելու ընթացքում որեւէ մեկից ինչ-որ գումարներ շորթել, ասում ենք՝ կաշառակեր է եւ ենթակա է պատժի, եւ երբ նույն քաղաքացին պարտավոր է գնալ ընտրությունների, պարտականությունները կատարելու ընթացքում ասում է՝ փող տվեք, որ ես գնամ ընտրության, եւ մենք համարում ենք, որ դա ճի՞շտ է: Ես գտնում եմ, որ դա շատ սխալ է, մենք միշտ մեղադրում ենք մի անձի, որը առաջադրվում է, եւ հազարավոր ձայներ տվողներին ոչ մի բան չենք ասում, ասում ենք՝ այ ախպեր, լավ, էս մեկը ճիշտ չէր, բա էս 1000-ներով ինչի եք սխալ: Ես գտնում եմ, որ մեր բնակչությունը պիտի հասկանա, որ եթե ուզում ենք ունենալ հզոր իշխանություն, իրականում պետք է ճիշտ ընտրություն կատարենք, առանց կաշառքների: Մենք հանգիստ ենք վերաբերվում, երբ որ մի պաշտոնյա կամ թեկնածու ընտրական օրենգիրքը խախտում է, մենք սկսում ենք ամեն գնով հալածել, բայց դուք (հեղ.նկատի ունի լրագրողներին) նստած շատ հանգիստ խոսում եք, որ բնակիչները սպասում են դրան (հեղ. ի նկատի ունի հնարավոր ընտրակաշառքի բաժանմանը): Եթե հիմա ասեմ, որ կաշառք եմ բաժանելու, հաստատ գիտեմ, թե ինչ կլինի իմ հետ: Բայց երբ որ մյուսը ասում է՝ ես սպասում եմ կաշառքի, ոչ մի բան չեք ասում»:

Հ.Սիմոնյանը առանձնացնում է մարդկանց մի քանի խումբ, որոնք փորձում են խորհուրդներ տալ ընտրակաշառքի բաժանման ընթացքում:

«Մի խումբ ասում է՝ վերցրա, ու բնակչին դարձնում են կաշառակեր, որը չի կարելի, չի կարելի վերցնել, մյուս խումբն էլ ասում է՝ վերցրա, մի տուր, էն մյուսն էլ ասում է՝ դու դարձիր խաբեբա: Ընտրությունների մասնակիցները պետք է հասկանան, որ չպետք  է գնան այդ ճանապարհով, իրենք էլ պետք է հասկանան, եւ ընտրողը պետք է հասկանա, որ դրանով խնդիր չի լուծվում, սխալ է»:

Շիրակի մարզպետը նախընտրական շրջանում արձակուրդի չի մեկնի, ասում է՝ ժամանակի առումով հասցնելու է ղեկավարել ՀՅԴ Շիրակի մարզի նախընտրական շտաբը:

Հ.Սիմոնյանի կարծիքով՝ խորհրդարանական ընտրությունները տարբերվելու են նախորդ տարվա ՏԻՄ ընտրություններից: «Հիմա էլ է տարբերվելու, հաստատ, վստահ եղեք»,-ասում է նա:

Ի դեպ, Գյումրիում ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ՀՅԴ-ն չհաղթահարեց նվազագույն շեմը, եւ Գյումրու ավագանու կազմ ՀՅԴ-ից չընդգրկվեց ոչ մի թեկնածու, այս արդյունքները անակնկալ էին նախկին ու ներկա դաշնակցականների համար:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 385

Մեկնաբանել

comments