Շիրակի մարզպետն ընտրեց ՀՅԴ-ական թեկնածուին

Քիչ առաջ Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակվեց Շիրակի մարզպետի երկար սպասված որոշումը:

Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ՝ մարտի 2-ից դադարեցվել է Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Նիկողոսյանի լիազորությունները, նույն որոշմամբ՝ մարզպետը դպրոցի տնօրեն է նշանակել Ա.Նիկողոսյանին, նրա հետ աշխատանքային պայմանագիրը կնքելու է 5 տարի ժամանակով:

Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը կայացել էր հունվարի 24-ին: Մրցույթի մասնակիցները՝ դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանն ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Նիկողոսյանը ստացել էին հավասար միավորներ, յուրաքանչյուրը` 4 կողմ եւ 4 դեմ: Վերջնական որոշումը կայացնելու էր Շիրակի մարզպետը: Սահմանված կարգի համաձայն՝ մրցույթի արդյունքների վերաբերյալ մարզպետի որոշումը հրապարակվելու էր մրցույթի օրվանից հետո՝ տասն օրվա ընթացքում, եւ այս ընթացքում աշխատանքային պայմանագիր էր կնքվելու այն թեկնածուի հետ, ում ընտրել է վերադասը կամ Շիրակի մարզպետը:

Այսպիսով, ՀՅԴ-ական Շիրակի մարզպետը մեկ ամիս ավել սպասեցնելուց եւ կարգը խախտելուց հետո հրապարակեց իր որոշումն ու տնօրեն ընտրեց ՀՅԴ-ական թեկնածուին:

27561Մրցույթի մյուս թեկնածուն, թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը մի քանի օր առաջ Ասպարեզի հետ զրույցում նշել էր.

«Ես 2 անգամ գրավոր դիմել եմ մարզպետին, դիմել եմ նաեւ կառավարման խորհրդի անդամները, բայց ոչ մի պատասխան դեռ չկա: Առաջին գրավոր դիմումը տվել եմ փետրվարի 15-ին, 2-րդ դիմումը տվել եմ փետրվարի 24-ին, առ այսօր ոչ մի պատասխան չկա աշխատանքային պայմանագիր կնքելու մասին: Դա ինձ համար առեղծված է, ես չեմ կարող հասկանալ, թե ինչ է կատարվում, որովհետեւ, ըստ գործող կարգի, արդեն պայմանագիրը պետք է կնքված լիներ»:

Գ.Շահբազյանի հավաստմամբ՝ փոխվարչապետն առաջարկել էր իր թեկնածությունը: «Ես խոսել եմ փոխվարչապետի օգնական Լուսինե Մնացականյանի հետ, հավաստի ներկայացրել է: 2-րդ անգամ նույնպես խոսել եմ, Լուսինեն ներկայացրել է, որ նորից է նայել փաստաթղթերը, փաստաթղթերում ամեն ինչ ճշգրիտ է, խախտումներ չկան, հետեւաբար այն բոլոր գործառույթները, որ պիտի կատարվեր վերեւում, ավարտված են եւ խնդիրը այստեղ մարզպետի հետ է կապված: Այստեղ բոլորը ակնառու տեսնում են, որ խախտվել է եւ իր լիազորությունները եւ իր պարտականությունները (նկատի ունի մարզպետին.-հեղ.)»:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 558

Մեկնաբանել

comments