««Նաիրիտի» նկատմամբ նման մոտեցումը անթույլատրելի է»

«ՀՀ սնանկության մասին օրենսդրությունը ոչ մի տարբերություն չի դնում»

Sut.am-ը գրում է. «Փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանը Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարի ժամանակ, անդրադառնալով ապրիլին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին, հայտարարեց, որ ՀՀԿ-ն նախընտրական սուտ խոստումներ չի տալու»:

Կայքը վերհիշել է Սերժ Սարգսյանի՝ ԵԿՄ 10-րդ համագումարի ժամանակ տրված խոստումները:

«2014 թվականի ԵԿՄ համագումարին, անդրադառնալով մեր երկրի տնտեսական վիճակին, Սերժ Սարգսյանն հայտարարել էր, որ Հայաստանը մտել է որոշակիության դաշտ, եւ իրենք ունեն հստակ ծրագրեր: Դրանցից մեկը նոր «Նաիրիտ» գործարանի կառուցումն էր եւ հնի վերագործարկումը:

«Եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն «Նաիրիտի» աշխատողներին, ապա մենք, անկախ որեւէ հանգամանքից, այս տարի, ամենայն հավանականությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցում, գոնե նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ: Նախնական պայմանագրերը կան եւ հնարավորության դեպքում հին Նաիրիտի գործարկում»,-հայտարարել էր Ս.Սարգսյանը:

Անցել է ավելի քան 3 տարի, սակայն որեւէ նոր «Նաիրիտ» Հայաստանում չի կառուցվել: Ավելին, վարչապետ Կարեն Կարապետյանը իր նշանակումից օրեր չանցած շտապեց հայտարարել, որ հին «Նաիրիտի» վերագործարկման որեւէ ծրագիր չկա, իսկ պետությունը չի պատրաստվում զբաղվել այդ բիզնեսով:
Ավելին, այս օրերին «Նաիրիտը» պաշտոնապես սկսեց լուծարման գործընթացը»,-փոխանցում է նշված կայքը:

«Ասպարեզը» վերը նշված թեմայի վերաբերյալ զրուցել է աուդիտոր Արա Կուրազյանի հետ:

Կուրազյան-Եկեք խնդրին անդրադառնանք վերջից՝ նախ ֆիքսելով այսօրվա կոնկրետ իրավիճակը, որ ընդամենը մի քանի օր առաջ դատարանում սնանկության գործով կառավարիչը հայտարարեց, որ «Նաիրիտը» շուտով կլուծարվի։ Ի դեպ, թեեւ գրանցված են 292 պարտատերեր, սակայն կարեւոր հանգամանք է, որ «Նաիրիտը»` որպես պատասխանող, դատարան կանչել է գործարար Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի հայցով։ Հաշվի առնելով Կարապետյանի հայաստանյան ներդրումների՝ տնտեսականի նկատմամբ քաղաքական եւ այլ բնույթի շահերի ակնհայտ գերակայությունը` ակնհայտ է, որ Կարապետյանին պատկանող սուբյեկտի գործողությունները առնվազն հավանության են արժանացել ՀՀ իշխանությունների կողմից։ Առավել եւս, երբ «Նարիրիտի» պարտքը ՀԷՑ-ին անգամ 2.5 մլն դոլար էլ չի կազմում։ Ու դատական գործընթացին զուգահեռ` արդեն հաղորդվում է, որ ««Նաիրիտում» ապամոնտաժում է սկսվել» (հեղ. վերջին խոսքերը, Ա.Կուրազյանի փոխանցմամբ, ասել է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը): Կարճ ասած, առկա է կոնկրետ ռիսկ, որ մինչեւ այդ քննարկումները ու պայքարը շարունակվում են, «Նաիրիտում» հստակ ու նպատակասլաց իրականացվում եւ իրականացվելու է, իրավաբանական լեզվով ասած, լուծարման գործընթաց։ Ու սա պետք է լինի, բացի «Նաիրիտի» աշխատակիցներից, բոլոր շահագրգիռ անձանց ու կողմերի ուշադրության կենտրոնում։ Այս գործընթացի այս տեմպերով շարունակումը շուտով ժամանակավրեպ կարող է դարձնել ցանկացած քննարկում։ Ասվածի ապացույցը փետրվարի 28-ին անցկացվող կրկնաճուրդի մասին հայտարարությունն է azdarar.am կայքում,-նշում է Ա.Կուրազյանը։

«Ասպարեզի» հարցին, թե ինչով է պայմանավորված այս մոտեցումը, որ իշխանությունները «Նաիրիտը» տանում են լուծարման, Ա.Կուրազյանը պատասխանում է.

-Արտաքնապես այս հարցին շատ բնական պատասխան ունի իշխանությունը՝ դե պարտատեր կա, դիմել է դատարան, ու դատարանն էլ իրականացնում է համապատասխան ընթացակարգ, պետությունն էստեղ էլ ինչ կարող է անել։ Ավելին, այդպիսի հարցին պատասխանող պաշտոնյան նաեւ երկար դասախոսություն կկարդա նախկինից եկած խնդիրների ու տնտեսության վերականգնման վրա թափվող ահռելի ջանքերի մասին։ Սա ծանոթ ձեռագիր է, որն առաջին հայացքից թվում է, թե նաեւ իրավական տեսանկյունից հիմնավորված է։ Այսինքն՝ կա տնտեսական շահ, եւ դրա համար էլ պարտատերը, տվյալ դեպքում ՀԷՑ-ը, դատական ճանապարհով ուզում է ստանալ իր պարտքը։ Այստեղ պետք է մեջբերեմ «Նաիրիտի» գծով Համաշխարհային բանկի՝ դեռեւս 2015 թվականին կազմված հաշվետության պարտքերին վերաբերող եզրահանգումը. «Կրեդիտորների հետ բանակցությունների ճանապարհով լուծել այն պարտքերի հարցերը, որոնք, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի մարել ակտիվների վաճառքի միջոցով»։

Նաիրիտ

Սա նշանակում է, որ «Նաիրիտի» լուծարումը բնավ էլ պարտքատերերի պարտքերի մարման ամենաընդունելի տարբերակը չէ անգամ պարտքատերերի համար։ Շատ հետաքրքրական է նաեւ հարցի պատասխանը, թե ինչու է ընտրվել հենց սնանկության ճանապարհով լուծարման ուղին։ Սա այն դեպքում, երբ Համաշխարհային բանկի վերոնշյալ հաշվետվության մեջ եզրակացվում էր, որ «հետագա կուտակվող վնասներից խուսափելու համար պետք է դիտարկել գործարանի լուծարման ծրագրի մշակման եւ իրականացման խնդիրը»: Տեսնում ենք, որ առերեւույթ առկա է նաեւ Համաշխարհային բանկի՝ նման հեղինակավոր կառույցի կողմից ընդհանուր եզրահանգումը լուծարման հնարավորության մասին։ Որպեսզի ստանանք այս հարցի պատասխանը պետք է կրկին ուշադրություն դարձնենք այդ եզրահանգմանը բառացիորեն, որն ասում է՝ «դիտարկել գործարանի լուծարման ծրագրի մշակման եւ իրականացման խնդիրը»։ Այսինքն, այս եզրակացությունից հետո իշխանության գերխնդիրն էր՝ առնվազն մշակել ու իրականացնել ինչ-որ ծրագիր։ Նորից վերադառնանք այդ եզրահանգմանը, որը լուծարումը չէր դիտարկում որպես միանշանակ միակ լուծում՝ նշելով, որ լուծարումը պետք է իրականացվի «մասնավոր հատվածի կողմից ձեռնարկությունը գործարկելու համար ներդրումների բացակայության դեպքում»։ Իսկ երբ իրականում ոչ մի էական ջանք չգործադրվեց այդ մասնավոր ներդրում գտնելու համար, ոչ մի քայլ չարվեց անգամ լուծարման համակարգված ծրագիր կազմելու համար, բնականաբար, դատական սնանկության ճանապարհը, այն էլ ՀԷՑ-ի միջոցով, իշխանությունների համար «Նաիրիտի» խնդրից ազատվելու լավագույն ու կարճ լուծումն է։ Որպես սնանկության գործերով, երկար տարիների փորձ ունեցող կառավարիչ, կուզենայի նշել, որ, ցավոք, ՀՀ սնանկության մասին օրենսդրությունը ոչ մի տարբերություն չի դնում համակարգաստեղծ ու ռազմավարական նշանակության ընկերությունների ու մի սովորական ՍՊԸ-ի լուծարման միջեւ։ Մինչդեռ, «Նաիրիտը» Հայաստանի համար անկասկած ռազմավարական նշանակության ընկերություն է ու նման մոտեցումը պարզապես անթույլատրելի է,-ասում է Ա.Կուրազյանը:

Մեր հաջորդ հարցերին՝ այնուամենայնիվ ի՞նչն է ստիպում իշխանություններին ամեն գնով լուծարել «Նաիրիտը», ինչու չի քննարկվում գործարկելու խնդիրը, Ա.Կուրազյանը պատասխանում է.

«Բայց կա մի բայց, որը տանում է կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1131-Ա որոշում։ Կարդացեք այդ որոշումը եւ կտեսնեք, որ այդ որոշմամբ Հայաստանի ռազմավարական նշանակության «Նաիրիտ» գործարան ընկերության 90%-ը ընդամենը 40 մլն դոլարով պարզապես նվիրվել է օֆշորային անհայտ Rhinoville Property Limited ընկերությանը։ Ու դրանից անմիջապես հետո այդ անհայտ ընկերությունը «Նաիրիտը» գրավադրել է Միջպետական բանկում, ու ստացել է 70 մլն դոլարի վարկ։ Ֆանտաստիկ է չէ, որ բանկը 70 մլն դոլարի վարկ է տալիս 40 մլն դոլարանոց ապրանքի՝ «Նաիրիտի» դիմաց։ Ողջամիտ դատող ցանկացած անձ կարող է ենթադրել, որ կամ բանկի որոշում ընդունողներն են խելքը թռցրել, կամ եթե դրա դիմաց 70 մլն վարկ են տվել, որեմն դա 40 մլն դոլարով վաճառողներն են խելապակաս եղել։ Փաստենք, գույքը վաճառվել է ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշմամբ, 2006 թվականին, իսկ Միջպետական բանկի նախագահը ռոտացիոն կարգով այդ ժամանակ ղեկավարել է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հետեւությունները կարող եք անել, թե ինչ է եղել իրականում։ Ավելացնեմ միայն, որ գործարանն էլ բանկում գրավադրվել է ՀՀ կառավարության համաձայնությամբ։ Այս ամենից հետո տարիներ շարունակ ՀՀ իրավապահ մարմինները ոչ մի ընթացք չեն տվել այս խնդրի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներին։ Գուցե զարմանաք, եթե նշեմ, որ «Հետք» պարբերականի հրապարակումների համաձայն պարզվում է, որ այդ չարաբաստիկ Rhinoville Property Limited ընկերության սեփականատերը փաստորեն ոչ ավել, ոչ պակաս հենց «Նաիրիտն» է, ուստի եւ Rhinoville Property Limited-ի վարկային պարտավորությունների պատասխանատուն:

Շարունակելի

Լուսանկարները՝ Ա.Կուրազյանի

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 81

Մեկնաբանել

comments