«Հաշմանդամություն ունեցող երեխաները դպրոց չեն հաճախում»

Երեխաների իրավունքների խախտումները

Ներկայացվել է «Human rights watch»-ի 2016 թվականի զեկույցը՝ «Երեխաների իրավունքների խախտումները Հայաստանի մանկատներում եւ այլ հաստատություններում» թեմայով: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ ներառական կրթության ոլորտում առկա խոչընդոտներին:

Ուսումնասիրություները կատարվել են Հայաստանի ութ համայնքներում (Երեւան, Գյումրի, Վանաձոր, Արմավիր, Կապան, Գորիս, Հացիկ, Ճամբարակ): Զեկույցը ներառում է հանձնարարականներ` ուղղված Հայաստանի կառավարությանը եւ միջազգային կազմակերպություններին:

Ինչպես նշում է «Human rights watch»-ի Հարավային Կովկասի մասով տնօրեն եւ զեկույցի հետազոտող Գիորգի Գոգիան, հետազոտության ընթացքում նրանք զրուցել են 63 ընտանիքների հետ, որոնց երեխաները գտնվում են մանկատներում, հաճախում են հատուկ կամ հիմնական դպրոցներ, ինչպես նաեւ այցելել են 5 մանկատուն եւ 10 դպրոց, որոնցից վեցը հատուկ դպրոցներ են եղել:

Նրա խոսքով՝ ՀՀ Ընտանեկան օրենսգրքում հարկավոր է լուրջ փոփոխություններ կատարել. «Եթե հաշմանդամություն ունեցող երեխան չի ապրում իր ընտանիքի հետ, ապա պետք է լինեն խնամակալներ, որդեգրող ընտանիքներ, ովքեր կզբազվեն երեխայի խնամքի հարցերով», -ասում է Գիորգի Գոգիան:

Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի հանրապետության խնամքի հաստատություններում ապրող երեխաների 90%-ից ավելին ունի գոնե մեկ ծնող:

երեխաներ

«Human rights watch»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մասով փոխտնօրեն, հետազոտող եւ զեկույցի հեղինակ Ջեյն Բուխանան ընդգծում է, որ ընտանիքում մեծանալու իրավունք ունեն բոլոր երեխաները, իսկ կառավարության ու դոնորների ռեսուրսները պետք է աջակցեն ընտանիքներին եւ երեխաներին, եւ ոչ թե խոշոր հաստատություններին:

Ինչպես նշում է զեկույցի հեղինակը, հետազոտության ընթացքում նկատել են, որ հաշմանդամություն ունեցող երեխաները դպրոց չեն հաճախում եւ միայն ձեւական են ներառված, հաճախելու դեպքում էլ ուղղակի ներառված չեն դասապրոցեսում եւ նրանց կարող են այլ հանձնարարություններ տալ դասի փոխարեն: Արձանագրվել են նաեւ, որ դպրոցներում առկա չեն անհրաժեշտ պայմաններ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն՝ հաստատություններում գտնվող երեխաներին տրվող ֆինանսական աջակցությունը մեկ երեխայի համար տարեկան կազմում է 3-5 հազար դոլար եւ այդ միջոցները կարող են օգտագործվել համայնքահեն ծառայությունների եւ ընտանիքների աջակցության համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակ ունի մինչ 2020 թվականը դուրս բերել երեխաներին առնվազն 22 խնամքի հաստատություններից, իսկ այդ կառույցները վերածել համայնքահեն ծառայություններ (ՀՀԾ) տրամադրող կենտրոնների: Այսօր ՀՀ կառավարությունն ամբողջ հանրապետությունում աջակցում է ընդամենը 25 խնամատար ընտանիքի:

Փիրուզա Պետրոսյան

Դիտումներ՝ 30

Մեկնաբանել

comments