«Կարեւոր է հայ սպաներին արեւմտյան լավագույն ռազմական բուհեր ուղարկելը»

Ըստ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի՝ մեր բանակի համար ամենամեծ փորձությունը պատերազմն է:

-Ամենամեծ փորձությունը, իհարկե, պատերազմն է: Եւ բանակը պատերազմի առաջին փուլում հարաբերական հաղթանակներ արձանագրեց, որովհետեւ տեղում դաշտային հրամանատարներն հաճախ ինքնուրույն էին գործում: Դա այսօր հաստատում են նախկին հրամանատարները եւ այդպիսի վկայությունները բազում են: Եթե այն ժամանակ լսեին Բաղրամյան 26-ից եկող հրամաններին, ապա այսօր շփման գիծն ինչ-որ մի տեղ՝ Կոտայքի մարզով էր անցնելու, իսկ Սեւանա լիճը լինելու էր հայերի նոր Մասիս սարը: Սակայն դրանից հետո ամենամեծ փորձությունը բանակի մաքրվելն է խորհրդային բանակի աղբից. դեդավշչինայից, կաշառակերությունից եւ կոռուպցիայից, եւ հաճախ չափազանց ցածր մարդկային որակներ ունեցող որոշ հրամանատարներից: Նույնքան մեծ մարտահրավեր է բանակի՝ իրեն տրվող խեղճ եւ անատամ դարձնող հրամանների առկայությունը: Այդ հրամանները նրանք են, որ պետք է իբրեւ թե «զսպվածություն» դրսեւորել, հիմնականում միայն «դիտարկել» թշնամու շարժերին, չպատասխանել ագրեսորին եւ հանկարծ որեւէ պարագայում հակահարձակման չանցնել եւ նոր տարածքներ հայրենիքից չազատագրել: Դա, անշուշտ, քաղաքական դրդապատճառներ ունի, բայց նեղ մասնավոր քաղաքական շահերին զոհաբերվում են ազգային-պատմական շահեր եւ դա անպատկերացնելի հանգամանք է: Անպատկերացնելի՝ բայց փաստ»,-«Ասպարեզի» հետ զրույցում նշում է պարոն Մարտիրոսյանը:

Ինչպե՞ս էլ ավելի ամրապնդել մեր բանակի պաշտպանողականությունը. այս հարցում Հ.Մարտիրոսյանը կարեւորում է բանակում որակական փոփոխությունների իրականացումը:

-Վերացնել այն բոլոր հանգամանքները, որոնք վերեւում արդեն բերեցի: Նաեւ քիչ փառաբանել ոչ շատ լավ վիճակում գտնվող բանակը, որպեսզի ինքնախաբեությունը կործանարար չլինի: Փոխարենը աշխատել որակապես այն բարձրացնելու ուղղությամբ: Վերացնել բանտային աշխարհին հատուկ բարքերը բանակից, ոչնչացնել կոռուպցիան, մտածել զինվորի հարմարավետության մասին եւ բանակին վայել վարքագիծ թույլ տալ: Կարեւոր է նաեւ մասսայականորեն հայ սպաներին արեւմտյան լավագույն ռազմական բուհեր ուղարկելը: Ցավոք, դա աննշան, չնչին մասշտաբով է իրականացվում: Նաեւ՝ առաջնային անհրաժեշտություն է ստրկամիտ մենթալիտետ եւ չափազանց ցածր կրթական եւ մարդկային մակարդակ ունեցող որոշ հրամանատարների՝ ներառյալ գեներալների, վտարումը բանակից: Այդ մարդիկ ստվերում են Հայաստանի կարեւորագույն եւ ամենաարժեքավոր կառույցի ողջ համբավը եւ ապականում այդ բարձրագույն ինստիտուտը իրենց ներկայությամբ: Որեւէ նորմալ երկիր նման կոռումպացված բարբարոսների չի կարող հանդուրժել պատերազմող բանակի շարքերում,-ասում է քաղաքագետը:

Հարցին, թե արդյո՞ք առկա է պետական հոգածություն բանակի հանդեպ, Հ.Մարտիրոսյանը պատասխանում է, որ  պետության պարտքն է ամեն բան անել բանակի համար: «Բայց ստացվում է, որ մինչ այժմ բանակն է ամեն բան տվել պետություն ներկայացնող մի շարք անձանց եւ մի շարք հրամանատարների: Դա անառողջ իրավիճակ է: Հուսամ՝ կփոխվի»,-եզրափակում է Հ.Մարտիրոսյանը:

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 612

Մեկնաբանել

comments