Հայաստանում ամեն օր կարելի էր նախագահին իմպիչմենտ հայտարարել

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը պաշտպանել է նախագահ Պակ Կըն Հյոյի նկատմամբ իմպիչմենտը: Դատարանի բոլոր 8 դատավորները կողմ են քվեարկել իմպիչմենտին:

Դատարանը նախագահին մեղավոր է ճանաչել այն բանի մեջ, որ թույլ է տվել իր մոտ ընկերուհուն՝ Չհվե Սուն Սիլին, ազդել պետական քաղաքականության վրա, խառնվել պետական գործերին, անգամ՝ կադրային հարցերում, նաեւ ծածկել է նրա կոռուպցիոն գործունեությունը:

Այս տեղեկություններն հայտնվել էին մամուլում, որից հետո անցած տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանն իմպիչմենտ էր հայտարարել նախագահին, որ հաստատեց Սահմանադրական դատարանը: ՍԴ որոշումը նշանակում է, որ նախագահն անմիջապես հեռացվում է պաշտոնից եւ քրեական հետապնդման է ենթարկվելու կոռուպցիոն գործով, իսկ 60 օրվա ընթացքում երկրում պետք է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեն:

Նախագահի ընկերուհին՝ Ցոյ Սուն Սիլը, ձերբակալված է: Նրան մեղադրում են նախագահի հետ անձնական կապերի ազդեցությունն օգտագործելով՝ հարավկորեական խոշոր ընկերություններից գումարներ շորթելու համար:

ՍԴ-ի՝ նախագահի իմպիչմենտի հաստատումից հետո Սեուլում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ նախագահի կողմնակիցների միջեւ, կան մի քանի զոհեր:

Հարավային Կորեայի՝ այլեւս նախկին նախագահին ներկայացված մեղադրանքի բովանդակությունն ու շրջանակը հայաստանցիներիս համար, այսպես ասած, սովորական երեւույթ է: Արդեն տարիներ շարունակ հայաստանյան մամուլում խոսվում է նման երեւույթների գոյության մասին, ներկայացվում են կոնկրետ փաստեր, որ Հայաստանի բարձրագույն պաշտոնյաները, առաջին հերթին՝ նախագահը, մասնակցություն ունի կոռուպցիոն երեւույթներին:

Եթե Հայաստանը լիներ օրենքի ու օրինականության երկիր, այդ մեղադրանքով նախագահի պաշտոնը զբաղեցրած ու զբաղեցնող անձինք (խոսքն ամենից առաջ վերաբերում է երկրորդ ու երրորդ նախագահներին) ամեն օր կարող էին ենթարկվել իմպիչմենտի, քանի որ նրանք ոչ միայն խրախուսում, հովանավորում են կոռուպցիան, ոչ միայն իրենց ընտանիքի անդամներին ու մերձավորներին հնարավորություն են տվել ու տալիս օգտվել կոռուպցիոն «բարիքներից», շատ կարճ ժամանակում դառնալ միլիարդատերներ, այլեւ երկրում ձեւավորված կոռուպցիոն բուրգի հիմնադիրներն են ու թիվ մեկ շահառուները:

Ոչ Հայաստանի խորհրդարանը, ոչ էլ Սահմանադրական դատարանը  նախագահի իմպիչմենտի որոշում չեն ընդունի. այս երկու կառույցների անդամների մեծամասնությունը այդ կոռուպցիոն բուրգի մասնակիցներն են, նախագահի աթոռը զբաղեցնողների հենարանը այդ գործերում:

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 26

Մեկնաբանել

comments