Լոռու մարզի համայնքները աչքի են ընկել առավել թափանցիկությամբ, ամենափակը Արմավիրի եւ Արագածոտնի համայնքներն են

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հրապարակեց Հայաստանի համայնքապետարանների թափանցիկության, հաշվետվողականության եւ հանրային մասնակցության մոնիտորինգի 2016թ. տարեկան զեկույցը: Մոնիտորինգն անցկացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  ֆինանսավորմամբ իրականացվող  «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում: 2015-2016 թթ. ընթացքում տեղեկությունների հարցումների եւ դրանց պատասխանների միջոցով դիտարկվել են Հայաստանի բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքներով նախատեսված թափանցիկության, հաշվետվողականության եւ հանրային մասնակցության գործիքների առկայության եւ գործածության չափերը:

Ուսումնասիրության համաձայն, հարցումներին ամենաակտիվ արձագանքած համայնքապետարանների խումբը Լոռու մարզի համայնքապետարաններն են. 107 համայնքապետերից 85-ը (79,4%) պատասխանել են տեղեկության հարցումներին: Այս մասով Լոռու մարզին բարեխղճությամբ հաջորդում է Վայոց Ձորի մարզը, ապա Տավուշի մարզը: Տեղեկության հարցումներին ամենապասիվն են արձագանքել Արագածոտնի մարզի համայնքապետարանները` ընդամենը 10-ը 114-ից, ապա Արմավիրի մարզի համայնքապետարաններն են` 97-ից միայն 16-ն են պատասխանել հարցումներին: ՀՀ ընդհանուր հաշվով, ներառյալ Երեւանը, հարցումներին լիարժեք պատասխան տվել են համայնքների 26,8%-ը եւ թերի պատասխան՝ 9,3 %-ը: Հարցումներին չեն պատասխանել Հայաստանի 896 համայնքներից 569-ը, կամ՝ 63,5 %-ը:

Ուսումնասիրության համաձայն, ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով հանրությանը տեղեկություններ հաղորդելու պրոակտիվ պարտականությունը կատարում են համայնքապետերից 74-ը (8,26%), 74-ը այս պահանջները կատարում են մասնակիորեն: 168 համայնքապետ պատասխանել է, որ չի կատարում այդ պահանջը (18,08%), մյուս համայնքապետերը չեն պատասխանել հարցմանը:

Հայաստանի համայնքապետերից 222-ը (24,78%) տեղեկացրել է, որ ավագանին ընդունել է տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցության ապահովման համար անհրաժեշտ եւ օրենքով պահանջված կարգերը, 105 համայնքապետ (11,72%) տեղեկացրել է, որ չի ընդունել, մյուսները հարցմանը չեն պատասխանել:

Համայնքապետերից 177-ը (19,4%) տեղեկացրել է, որ համայնքապետերին կից ձեւավորվել են խորհրդակցական մարմիններ, 150-ը (16,74%) տեղեկացրել է, որ չեն ձեւավորվել այդպիսիք, մյուսները հարցմանը չեն պատասխանել:

Ըստ համայնքապետերի պատասխանների, 2014-2015 թվականների ընթացքում հանրային լսումներ անցկացվել են ՀՀ համայնքներից միայն 138-ում (15,4%): 189 համայնքում (21,09%) հանրային լսումներ չեն անցկացվել, մյուսները հարցմանը չեն պատասխանել: 138 համայնքներում համայնքապետարանի նախաձեռնությամբ 2014-2015 թվականների ընթացքում անցկացվել է ընդհանուր առմամբ 394 հանրային լսում:

Տեղեկատվության հարցումներին պատասխանելու, հարցված տեղեկությունները տրամադրելու, հանրային նշանակության տեղեկությունները հրապարակելու տեսանկյունից, ինչպես նաեւ հանրային մասնակցության գործիքների կիրառման համար անհրաժեշտ իրավական ակտերի ընդունման ցուցանիշներով՝ հավաքականությամբ մյուսներին ակնհայտորեն գերազանցում են Լոռու մարզի համայնքները, իսկ ամենացածր կատարողական ցուցանիշներն ունեն Արագածոտնի եւ Արմավիրի մարզերը: Տարբեր բաղադրիչներով այս մարզերի համայնքների հավաքականությունը Լոռու մարզին զիջում է 6-7 անգամ:

Հատկանշական է, որ 2016 թ. նոյեմբերի 9-ին մոնիտորինգի զեկույցի նախնական տարբերակի քննարկումից հետո աննախադեպ ակտիվություն են դրսեւորել Շիրակի մարզի համայնքները եւ պատասխանել են տեղեկությունների հարցումներին:

Մանրամասները ներկայացվում են տարեկան զեկույցում, որը առցանց կարող եք գտնել այստեղ »»» (PDF)

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

Գյումրի, Հայաստան

Դիտումներ՝ 2

Մեկնաբանել

comments