Գյումրու քաղաքապետարանը վերջապես կողմնորոշվեց

Գյումրու ավագանու վերջին նիստը կայացել է նախորդ տարեվերջին, հաջորդ նիստը նախատեսվում էր 2017-ի փետրվարի կեսերին: Համենայն դեպս, այդպես էր հայտնել Գյումրու քաղաքապետը, նաեւ որոշ պաշտոնյաներ: Նախատեսված նիստն այդպես էլ չկայացավ: Փետրվարի 10-ին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանը «Ասպարեզի» հետ զրույցում տեղեկացրել էր, որ այս տարի նստաշրջանի մեկնարկը տրվելու է փետրվարի 14-ին, եւ մինչեւ մարտի 14-ն ունեն ժամանակ ավագանու նիստ հրավիրելու: Ռ.Ասատրյանը նաեւ այդ օրը տեղեկացրել էր, որ դեռեւս պատրաստ չեն ավագանու որոշումների նախագծերը, ընթանում է նախագծերի մշակման, կազմման գործընթաց:

Ինչեւիցե, Գյումրու քաղաքապետրանն հրապարակում է ավագանու այս տարվա առաջին նիստի օրը: Նիստը կայանալու է մարտի 10-ին, օրակարգ է ընդգրկվել 3 տասնյակից ավել հարց:

Ինչպես Ռ.Ասատրյանը, այնպես էլ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ Կարեն Բակոյանը փոխանցում են, որ ավագանու նիստի նշանակման համար հիմք է ընդունվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը:

Այն է՝ ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչեւ հունիսի վերջին չորեքշաբթին եւ սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ:

‹‹Գյումրու եւ Վանաձորի ավագանիների հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչեւ հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչեւ դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Հերթական նստաշրջանը մեկնարկել է ս.թ. փետրվարի 14-ին: Այդ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ ավագանին պետք է անցկացնի նիստ: Այսինքն, առաջին նիստը պետք է հրավիրվի ոչ ուշ, քան ս.թ. մարտի 14-ը››,-գրավոր տեղեկացնում է Կարեն Բակոյանը:

Ռ.Ասատրյանը նաեւ ավելացնում է, որ ամիսը այս դեպքում հաշվվում է փետրվարի 14-ից եւ է ոչ թե փետրվարի 1-ից: ‹‹Օրենքի համաձայն՝ մինչեւ մարտի 14-ը առնվազն մեկ նիստ հրավիրում ենք››,-ասում է Ռ.Ասատրյանը:

Ինչպես նկատելի է, Գյումրու քաղաքապետարանն ու ավագանին ընտրել են ‹‹նիստ հրավիրելու առնվազն մեկ անգամ տարբերակը››, մինչդեռ հնարավորություն ունեին մեկ ամսվա ընթացքում հրավիրել, ասենք, 2 նիստ կամ ավել:

Հնարավորինս օրակարգային շատ հարցերով նիստ հրավիրելը, ըստ մեզ հասած տեղեկությունների, պայմանավորված է ավագանու նիստերը ԲՀԿ, ԳԱԼԱ, ՀՎԿ անդամների բոյկոտով, միայն «Բալասանյան» դաշինքի անդամների մասնակցությամբ նիստ հրավիրելը դժվար է,   ստիպված են ավագանու նիստ հրավիրել այս դաշինքով ընտրված բոլոր անդամների մասնակցությամբ, այսինքն՝ նրանցից 1-ի բացակայության դեպքում անգամ ավագանու նիստ հրավիրելն անհնար է, քանի որ այս դեպքում քվորում չի ապահովվի:

Այսպիսով, Գյումրու ՏԻՄ-ը նախընտրում է հագեցած օրակարգով մեկ նիստ հրավիրելու տարբերակները:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 224

Մեկնաբանել

comments