Բոլորը սպասում են, իսկ մարզպետը չի հրապարակում

«Ասպարեզը» Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Շիրակի մարզպետի գործելաոճի մասին, որի արդյունքում դեռեւս չի հրապարակվում Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի վերջնական արդյունքը:

«Ի՞նչ կարծիք»,-հարցին հարցով պատասխանեց Հրայր Կարապետյանն ու հակիրճ ավելացրեց. «Սպասում ենք»: Նկատի ունի մարզպետի որոշման հրապարակումը:

Իսկ չեք կարծում, որ մարզպետն արդեն խախտել է սահմանված կարգը, հարցին եւս Հ.Կարապետյանը հակիրճ պատասխանեց. «Արդեն պետք է պայմանագիր կնքված լիներ», ասաց նա:

2017-ի հունվարի 31-ին Հրայր Կարապետյանը մասնակցել էր Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի թափուր պաշտոնի մրցույթին, մրցույթից 2 օր անց Շիրակի մարզպետի որոշմամբ Հրայր Կարապետյանը նշանակվել է այս պաշտոնում՝ եռամսյա փորձաշրջանով:

Հովսեփ Սիմոնյանը դեռեւս շարունակում է պահպանել լռություն: Մարզպետարանի պաշտոնական կայքում Գյումրու թիվ 38 դպրոցի մրցույթի արդյունքի վերաբերյալ առայժմ որոշում չկա: Մարզպետի վերջին որոշումը մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարկվել է փետրվարի 24-ին, որը Ա. Իզաբելա Չախոյանին Բայանդուրի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակելու եւ վերջինիս հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին է:

Շիրակի մարզպետի՝ դպրոցի տնօրենի մրցույթի վերջնական արդյունքները չհրապարակելու եւ սահմանված կարգը խախտելու վերաբերյալ «Ասպարեզը» գրավոր խնդրել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի կարծիքը, ստանալուն պես այն կհրապարակենք:

Այս դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը կայացել է հունվարի 24-ին, երկու թեկնածուներն էլ՝ դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանն ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Նիկողոսյանը ստացել էին կառավարման խորհրդի հավասար ձայները՝ յուրաքանչյուրը՝ 4 կողմ, 4 դեմ: Թեկնածուներից մեկին դպրոցի տնօրեն նշանակելու է մարզպետը՝ համապատասխան որոշմամբ:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 546

Մեկնաբանել

comments