Բանկերի խոշորացման ու արտագաղթի հետեւանքը

Տոկոսադրույքները նվազել են ներդրումային միջավայր չլինելու պատճառով

Հայաստանում տնտեսությունն անկում է ապրում: Որպես դրա հետեւանք` մեկնարկել է բանկերի խոշորացման գործընթաց, քանի որ ոչ բոլոր բանկերն են կարողանում գումարային խոշոր շրջանառություն ապահովել:

Տնտեսագետ Արտակ Առաքելյանն «Ասպարեզի» հետ զրույցում, անդրադառնալով բանկերի խոշորացմանը, նշում է, որ ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ կառավարության հետ փոխհամաձայնեցված որոշում կայացրեց, որ, 2017 թվականի հունվար ամսից սկսած, ՀՀ-ում առեւտրային բանկերի  նվազագույն կապիտալի ընդհանուր չափը պետք է 5 մլրդ դրամից հասցվի մինչեւ 30 մլրդ դրամի: Այսինքն, դրա նպատակն ընդհանուր առմամբ բանկերի խոշորացումն էր, ֆինանսական տեսանկյունից դրանց ամրության բարձրացումը: Բնականաբար ավելի փոքր կապիտալ ունեցող բանկերն էլ դուրս են գալիս համակարգից:

-Սրա նպատակը ֆինանսական տեսանկյունից ավելի կայուն բանկային համակարգի ստեղծումն է: 21 բանկերից ներկայում մնացել եւ գործում է 18 բանկ,-ասում է Ա.Առաքելյանը:

Իսկ արդյո՞ք բանկերի խոշորացումն արդյունք չէ դրանց՝ գումարային շրջանառության նվազման:

-Մենք գիտենք, որ ՀՀ-ում, արտագաղթով պայմանավորված, մարդիկ դժվարանում են նոր վարկեր վերցնել: Ընդհանուր առմամբ` շուկայում վարկերի թիվը փոքրացել է: Դրա վառ ապացույցն այն է, որ եթե 2014 թվականին ՀՀ բանկային համակարգը շուրջ 21 մլրդ դրամի շահույթ է ունեցել, իսկ 2015-ին այդ թիվն հասել է 20 մլրդ-ի,  2016 թվականին` 15-16 մլրդ դրամի: Ստացվում է, որ շահույթի մեծությունն էլ, շուկան էլ նվազում են,-շարունակում է Ա.Առաքելյանը:

Տնտեսագետի խոսքով` ՀՀ-ում բանկերի խոշորացման հետեւանքով տեղի կունենա կապիտալի կոնսոլիդացիա, ավելի քչերի դեպքում` կենտրոնացում:

«Նման գործընթաց տեղի է ունենում ամբողջ աշխարհում եւ անհրաժեշտ է բարձրացնել բանկերի անվտանգությունը: Աշխատողների համատարած ազատումներ մենք չենք տեսնի, չնայած որոշ դեպքերում դա հնարավոր է: Մենք պետք է հաշվի առնենք գոյություն ունեցող շուկայի կենտրոնացման խնդիրները, այլ կերպ ասած՝ մենաշնորհացման: Մենք գիտենք, որ 21 բանկի առկայության դեպքում դրանց միջեւ մրցակցությունն ավելի կատաղի է, քան 18-ի»:

Ստացվում է, որ խոշոր բանկերը կլանում են փոքրերին: Ըստ տնտեսագետի` սա նորմալ գործընթաց է: «Սա գոյություն ունի ամբողջ աշխարհում: Խոշոր բանկերը կա՛մ ավելի լավ են աշխատել, որ խոշոր կապիտալ ունեն, կա՛մ ի սկզբանե ավելի խոշոր ներդրումների արդյունքում են ձեւավորվել»,-ասում է Ա.Առաքելյանը:

Ա.Առաքելյանն «Ասպարեզի» հետ զրույցում նաեւ անդրադարձավ բանկերում ավանդների տոկոսադրույքների նվազմանը:

-Տոկոսադրույքների նվազեցումը կապված է նրա հետ, որ ներդրումային միջավայր չկա: Մեր բանկային համակարգում առեւտրային բանկերն ունեն ավելցուկային իրացվելիություն: Այսինքն` դրանք ունեն դրամական միջոցներ, բայց դրանք ներդնելու տեղ չունեն: Բնականաբար, եթե դրանք ավելցուկային իրացվելիության խնդիր ունեն, ուրեմն շահագրգռված չեն լինի ավանդների համար ավելի բարձր տոկոսադրույքներ դնել:

Ա.Առաքելյանի խոսքով, եթե այսպես շարունակվի, կրկին վարկեր վերցվեն, միջոցներն անարդյունավետ օգտագործվեն, ապա այն կբերի ամբողջ տնտեսության պարալիզացման:

«Դա մեր ազգային տնտեսության համար անհամեմատելի հարված կլինի: Թե՛ պետական, թե՛ մասնավոր ոլորտի միջոցներն հետայսու պետք է խիստ արդյունավետ օգտագործել»:

Բանկերում դրամային ավանդ ներդնելու դեպքում մինչեւ 10 մլն դրամը երաշխավորված է եւ, ըստ պայմանագրի, բանկի սնանկ ճանաչվելու դեպքում այն իր տոկոսադրույքներով ետ է վերադարձվելու քաղաքացիներին: Տնտեսագետին հարցրի, թե արդյո՞ք հնարավոր դեֆոլտի դեպքում այդ պայմանը կգործի:

-Երաշխավորման հիմնադրամը ստեղծված է բանկերի հնարավոր սնանկացման դեպքում  ավանդատուների իրավունքների պաշտպանության, նրանց ավանդների՝ մինչեւ 10 մլն դրամը վերադարձնելու, բնակչության մոտ բանկային համակարգի հանդեպ վստահության աճ ստեղծելու համար: Սակայն, երբ երկրում դեֆոլտ է հայտարարվում եւ պարալիզացվում է ամբողջ համակարգը, ապա բնականաբար ավանդների վերադարձը երաշխավորող հիմնադրամը չի կարող դրա դեմ դուրս գա: Այդ հիմնադրամի գործառույթը դեֆոլտի պայմաններում ավանդները ետ վերադարձնելու համար չէ,-հավելում է զրուցակիցս:

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 61

Մեկնաբանել

comments