«Ասում եք՝ յոլա գնա, յոլա են գնում, որ 280-ը դարձել է 100 հեկտար»

Գյուղապետերը հակադարձում են կոմիտեի նախագահի խոսքերին

Շիրակի մարզում ոռոգման եւ խմելու ջրի խնդիրները շատ են, միաժամանակ այս խնդիրներն ընդհանուր են գրեթե բոլոր համայնքներում: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին մասամբ ծանոթ են խնդիրները, համայնքի ղեկավարներին հորդորում է. «Յոլա պիտի գնաք»: Ա.Հարությունյանի այս հորդորի հետ, իհարկե, համաձայն չեն համայնքի ղեկավարները եւ թվարկում են այնպիսի խնդիրներ, որոնց չլուծման հետեւանքով գյուղերի ոռոգման ենթակա հողատարածքներից  վերջին տարիներին ոռոգվում է մի մասը միայն:

Արմանիս

Անուշավանի համայնքի ղեկավարը, արձագանքելով կոմիտեի նախագահի նշված հորդորին, ասում է.

«Ասում եք՝ յոլա գնա, իրոք, 25 տարի արդեն համայնքները, բնակչությունը յոլա են գնում, 280 հեկտարը այսօր դարձել է 100 հեկտար: (Նկատի ունի՝ 280 հեկտարից 100 հեկտար հողատարածքն են կարողանում ոռոգել.հեղ): Մենք գիշերվա ժամին ենք ստանում ոռոգման ջուրը, վերեւները էնքան էն ջրում: Մենք սովոր ենք գիշերվան, գիշերվա ժամանակ ջրի կորուստը էնքան շատ է: Էդ ջուրը հաշվարկվում է  Անուշավանի, Փանիկի վրա՝ որպես խորանարդ, եւ մեծ գումարներ են առաջանում, սա է հիմնական պատճառը, պետք է ջրտուքը կազմակերպել ներքեւի համայնքներից ոչ թե վերեւի համայնքներից կամ ոչ միաժամանակ»:

ՀՀ-ում ոռոգման ջրի մեկ խմ-ն արժե 25 դրամ, որից 14 դրամը սուբսիդավորում է պետությունը, իսկ գյուղացին վճարում է 11 դրամը: Համայնքների ղեկավարների գնահատմամբ՝ այսօրվա այդ 11 դրամն էլ թանկ է, քանի որ ջրի կորուստները շատ են, իսկ գյուղացին ապրում է սոցիալապես անապահով պայմաններում:

Առափի համայնքի ղեկավարն անդրադառնում է ոռոգման ջրի սակագնին ու ասում.

«Բոլոր համայնքներում ոռոգման խնդիրը նույնն է, ոռոգման ջուրը թանկ է, բնակչության վիճակը բավական ծանր է ու գյուղացին ի վիճակի չէ այն վճարել: Գիշերային ժամերի ջուրը եւ ցերեկային ջուրը նույն արժեքով է տրվում բնակչին, բայց գիշերային ջրի կորուստը այսօր, ոռոգման սեզոնի ժամանակ մոտավորապես կազմում է 50-60 տոկոս»:

համայնքի ղեկավարներ

Գյուղապետը միաժամանակ առաջարկում է մտածել գիշերային ժամերի ոռոգման ջրի էժանացման մասին:

«Պետք է մտածվի գիշերային ջուրն էժանացնելու մասին: Հայկավան համայնքում պետք է կառուցվեր գիշերային կուտակիչ ջրավազան, որը հնարավորություն կտա ջուրը կուտակել եւ առավոտյան ավելի շատ ջուր մատակարարել համապատասխան համայնքներին»:

Գյուղապետի խոսքով՝ համայնքում նախկին տարիներին բնակիչը 1 վայրկյանում ստացել է 500-600 լիտր ջուր, այսօր արդեն150 լիտր: Համայնքի ղեկավարը պատճառն է բարձրաձայնում եւ դիմում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին.

«Ձեր կառույցի ջրի թողունակությունը ընդամենը էդքանն է, իսկ համայնքին անհրաժեշտ է 500 լիտր: Ահա թե ինչու 500 հեկտար ոռոգման տարածք ունեցող համայնքը տարեկան ոռոգում է 100-120 հեկտար հողատարածք»:

համայնքի ղեկավարներ

 

Գյուղապետն առաջարկում է նաեւ խնդրի լուծման տարբերակը՝ անհրաժեշտ  է լրացուցիչ ջրատար անցկացնել:

Պարզվում է՝ ոչ միայն ոռոգման համակարգում են այս թերությունները, այլեւ՝ խմելու ջրի: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը բարձրաձայնում է՝ որոշ գյուղերում «նույնիսկ վտանգավոր է ջրի որակը, քանի որ Մանթաշի ջրամբարի ջուրն է օգտագործվում խմելու համար»:

Շիրակի մարզից 62, իսկ ամբողջ ՀՀ-ում 560 համայնք չի սպասարկվում ջրի միասնական օպերատորի կողմից, այս համայնքներում ջուրը, ըստ պատասխանատուների, վատորակ է:

Ինչեւէ, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը խոստացավ համայնքի ղեկավարների բարձրացրած հիմնախնդիրներն ընդգրկել քննարկման օրակարգ:

Ա.Մկրտչյան

Դիտումներ՝ 217

Մեկնաբանել

comments