Առաջադրված ուժերի դասակարգումը-2

Ռեսուրսներ, հնարավորություններ

Խորհրդարանական ընտրություններին առաջադրված 9 կուսակցություններն ու դաշինքները, բնականաբար, տարբեր հնարավորություններ ու զինանոց ունեն հաջողության հասնելու համար: Նրանցից յուրաքանչյուրը տիրապետում է իր օգտին ձայներ հավաքելու տարբեր գործիքակազմի՝ լծակների, ռեսուրսների, հենարանի, լսարանի: Ցավոք, գլխավոր ռեսուրսը՝ գաղափարներն ու ծրագրերը, ընտրողներին իրենց կողմը գրավելու եւ ընտրական արդյունքների տեսակետից, հայկական ընտրություններում երկրորդական դեր են կատարում: Հանրության շատ քիչ մասն է կողմնորոշվում ու քվեարկում հանուն գաղափարների եւ ծրագրերի: Առաջնայինն այլ ռեսուրսներն են:

ՀՀԿ-ի համար այդ ռեսուրսները իշխանական լծակներն են, ընտրախախտումներ կատարելու մեխանիզմը, ընտրություններում պետական համակարգն օգտագործելու լայն հնարավորությունները, փողն ու փողատերերը, թաղային հեղինակությունների ազդեցությունն իրենց տարածքներում: Իշխանական կուսակցությունը, տվյալ դեպքում, ՀՀԿ-ն, միշտ այս ռեսուրսներով է մասնակցել ընտրություններին: Այդ բոլոր ռեսուրսների հանրագումարը բավականին ազդեցիկ է՝ տոկոսներ խփելու համար:

ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որն ավանդականորեն ունի իր կայուն ձայները՝ 6-9 տոկոսի միջակայքում: Այս միջակայքից տատանումներ շատ քիչ են լինում: Այդ նվազ տատանումներն էլ կարող են կախված լինել այն հանգամանքից, թե տվյալ պահին ՀՅԴ-ն գործում է իշխանական, թե ընդդիմադիր դաշտում: ՀՅԴ-ն, թերեւս, այն եզակի կուսակցություններից է, որին ձայն տալը պայմանավորված է ավելի շատ գաղափարական մոտիվացիայով:

«Ծառուկյան» դաշինքի կամ ԲՀԿ-ի՝ քվեներ հավաքելու հնարավորությունները կապված են բացառապես Գագիկ Ծառուկյան անձի ու նրա կապիտալի հետ: Այս ուժին ձայն տվողների մեծամասնությունը այդ կապիտալից, այս կամ այն կերպ, ակնկալիքներ ունեցողներն են: Ծառուկյանին ձայն տվողների մեջ են նաեւ այն մարդիկ, որոնք դեմ են իշխանություններին, ընդդիմադիր հայացքներ ունեն, բայց ընդդիմադիր դաշտում չեն տեսնում այն ուժին կամ ուժերին, որոնք ի զորու են իշխանափոխություն իրականացնել, եւ ահա նրանք հույսերը կապել են Ծառուկյանի հետ: Ճիշտ է, 2015 թվականին այդ հույսերը հօդս ցնդեցին, այնուամենայնիվ, դեռ հավատացողներ կան: Այս դաշինքի համար էական գործոն են նաեւ ԲՀԿ-ի կազմակերպչական ռեսուրսները, որոնք հայտնի դեպքերից ու կուսակցական փլուզումից հետո նվազել էին, բայց Ծառուկյանի վերադարձով կարող են մի փոքր ավելանալ:

Շատ վիճահարույց է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հնարավորությունների հարցը: Այս դաշինքի հնարավոր լսարանը իրենից խայտաբղետ պատկեր է ներկայացնում: Դաշինքի կազմի մեջ մտնողները իրենց գլխավոր ակնկալիքը, թերեւս, համարում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անձը, նրա ունեցած ազդեցությունը, որոշ ազատամարտիկների աջակցությունը: Այս ամենով հանդերձ, Սեյրան Օհանյանն ունի նաեւ շատ թույլ, խոցելի տեղեր, որոնք այս օրերին առավել ակնառու են երեւում: Դաշինքի մեջ մտած «Ժառանգություն» կուսակցության ավանդական հետեւորդների համար էլ է անհասկանալի այս քաղաքական ուժի ներկայությունն այդ դաշինքում: Թուլացած «Ժառանգության» գործոնն այս դաշինքի համար ձայներ ապահովելու հարցում նվազ դեր կարող է խաղալ: Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը ԲՀԿ-ից պոկված ուժ է: Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո, ԲՀԿ-ամերձ որոշ շրջանակներ հավաքվեցին այս կուսակցությունում, բայց ԲՀԿ-ի ու «Համախմբման» լսարանները տարբեր են: Հատկապես Ծառուկյանի վերադարձից հետո Օսկանյանի կուսակցության հնարավորությունները՝ իրենց դաշինքին ձայներ բերելու առումով, նվազել են:

Շատ զարմանալի է ՕԵԿ-«Հայկական վերածնունդ» կուսակցության, այսպես ասած, ֆենոմենը: Այս կուսակցությունն ու իր առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, որքան հնարավոր է, փոշիացրել են իրենց հանրային վարկանիշն ու վստահությունը: Հանրության մեջ այն կայուն կարծիքն է ձեւավորվել, որ ի դեմս Արուր Բաղդասարյանի ու իր կուսակցության, կարելի է ասել, թե ինչպիսին չպիտի լինեն քաղաքական գործիչն ու կուսակցությունը: Չնայած այս ամենին, կրկնենք, զարմանալիորեն այս կուսակցությունն ունի զգալի հետեւորդներ, որը երեւաց վեջին ՏԻՄ ընտրություններին: Այս կուսակցության ռեսուրսներն են կազմակերպչական որոշակի հնարավորությունները, իշխանության մեջ եղած ժամանակաշրջանում դիզած որոշակի կապիտալը եւ պոպուլիզմը, պոպուլիզմը, պոպուլիզմը, որը, էլի զարմանալիորեն, դեռեւս աշխատում է ու արդյունքներ տալիս:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ղեկավարներն են փաստացի ընտրված՝ հանրապետության երկու նախագահներ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ստեփան Դեմիրճյանը: Նրանք ժամանակին գլխավորել են հզոր ընդդիմադիր, համաժողովրդական շարժումներ, նրանց ետեւից գնացել են հարյուր հազարավոր մարդիկ: 2008-ից հետո ահագին ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանն ու իր առաջնորդած Կոնգրսն էին քաղաքական դաշտում հիմնական օրակարգերը թելադրողները: Ինչպես լինում է միշտ, ժամանակի ընթացքում շարժումները մաշվում են: Հատկապես ԲՀԿ-ի հետ քաղաքական համագործակցությունից հետո Կոնգրեսի աջակիցների թիվը զգալիորեն պակասեց: Այնուամենայնիվ, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն ունի իր գաղափարական հետնորդների որոշակի բանակ, տիրապետում է ընտրություններին մասնակցելու քաղաքական-կազմակերպչական որոշակի ռեսուրսների, ընտրական մեծ փորձ ունի, որը կաշխատի հօգուտ այս դաշինքի:

«Ելք» դաշինքը՝ որպես այդպիսին, ամենաթարմ քաղաքական միավորումն է այս ընտրություններում՝ համալրված երիտասարդներով, քաղաքական նոր մտածողություն կրող մարդկանցով: Դաշինքի առաջին եռյակի մեջ մտնող Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին քաղաքական ու հասարակական ակտիվ գործունեություն են ծավալել: Այս դաշինքի լսարանը՝ գերազանցապես նրանց գլխավորած կուսակցությունների լսարանն է: Ընտրություններին մասնակցելու նրանց գործիքակազմը կլինի նոր մոտեցումների ու գաղափարների մատուցումը ընտրողներին: Թե որքանով ընկալելի կլինի ու կստացվի դա, դժվար է ասել: Մի բան է պարզ. մեր հանրության մեջ գաղափարներն ու մոտեցումներն այնքան էլ էական նշանակություն ու դերակատարություն չունեն:

Օբյեկտիվորեն այս ընտրությունների ետնապահները «Ազատ դեմոկրատներն» ու կոմունիստներն են: Այդպես է ստացվել ու դա փաստ է: Չնայած «Ազատ դեմոկրատների» ցուցակում ներգրավվել են հանրային ճանաչելի ու ընկալելի որոշ դեմքեր՝ Հրանտ Բագրատյան, Անահիտ Բախշյան, Ստեփան Սաֆարյան, բայց հասկանալի է, որ դա քիչ է ընտրություններում հաջողության հասնելու եւ խորհրդարան մուտք գործելու անցողիկ շեմն ապահովելու համար:

Կոմունիստական կուսակցությունների մասնակցությունն այս ընտրություններին, իհարկե, ավանդույթի համաձայն է, նաեւ՝ խորհրդանշական: Կոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանի մահից հետո կոմունիստական ուժերը անկում ապրեցին ու այդպես էլ չեն կարողանում քաղաքական դերակատարություն ունենալ Հայաստանում:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 199

Մեկնաբանել

comments