Առաջադրված ուժերի դասակարգումը-1

Ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն

Խորհրդարանական ընտրություններում առաջադրված դաշինքներին ու կուսակցություններին կարելի է խմբավորել ու դասակարգել մի քանի տեսանկյուններով` քաղաքական դաշտում գրաված դիրքով, քաղաքական գաղափարախոսության հիմքով, արտաքին աշխարհում Հայաստանի կողմնորոշման տեսլականի, կամ, այսպես ասած, «մետության» սկզբունքով, խորհրդարան անցողիկության հնարավարությունների դիտակետից եւ այլն:

Նշված ու չնշված բոլոր տեսանկյուններով էլ դասակարգումը, ինչ խոսք, որոշակի բարդություններ ներկայացնում է ու չի հավակնում ամբողջական-ավարտուն լինել, քանի որ մեր քաղաքական դաշտն ու այնտեղ գործող ուժերն իրենք ամբողջական-ավարտուն չեն, շատերի պարագայում ավելի շատ են անհստակությունները, քաղաքական դաշտն ինքնին այնքան պղտորված-խեղաթյուրված է, գաղափարական սկզբունքներն այնքան խախտված, որ շատ հարցերում սահմանազատելը չի ենթարկվի տրամաբանական օրենքներին:

Այնուամենայնիվ, մի քանի տեսանկյունների առումով կարելի է որոշակի դիտարկումներ անել:

Եթե նկատի ունենանք իշխանություն-ընդդիմություն դասական ու քաղաքական աշխարհում հայտնի բանաձեւը, ապա տեսականորեն պետք է ասենք, որ ընտրություններում առաջադրված 9 քաղաքական ուժերից 2-ը իշխանություն են, 7-ը՝ ընդդիմություն: Իշխանություն են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ընդդիմություն՝ մյուս 7 դաշինքներն ու կուսակցությունները: Կրկնենք, սա միայն տեսական պլանում, քանի որ հայտ ներկայացրածներց մեծ մասի պարագայում կան խորը վերապահումներ: Այդ վերապահումները չեն թաքցնում նաեւ այդ ուժերից ոմանք:

Հստակ իշխանություն է ՀՀԿ-ն: Սա այս հարցում գրեթե միակ անխախտ ու անառարկելի պնդումն է:

ՀՅԴ-ն փաստացի իշխանություն է, բայց, իրենց սովորության համաձայն, այս կուսակցության պատասխանատուները՝ քաղաքական նպատակահարմարությունից ու իրավիճակից ելնելով, ըստ իրենց հարմարության են ներկայացնում կուսակցության գրաված դիրքը քաղաքական դաշտում: Օրինակ, իրենց կուսակցության ընտրական ցուցակները ներկայացնելու ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչները ակնարկներ էին անում իշխանափոխություն իրականացնելու մասին. այսինքն՝ լինելով իշխանության մաս՝ խոսում են ընդդիմադիր դիրքերից ու ընդդիմությանը հատուկ բառապաշարով ու մոտեցումներով: Բոլոր ընտրությունների ժամանակ էլ, լինելով իշխող կոալիցիայի անդամ, ՀՅԴ-ն հանդես է բերել նման գործելակերպ:

Տեսականորեն ընդդիմադիր համարվող 7 ուժերից հասարակական ընկալումը ոչ մի կերպ այդպիսին չի համարում «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, «Ծառուկյան» եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքներին (երկրորդ դաշինքի պահով անգամ հաշվի չի առնվում «Ժառանգության» ներկայությունն այնտեղ: Իսկ Զարուհի Փոստանջյանի՝ «Ժառանգությունից» դուրս գալուց հետո, այս կուսակցության ընդդիմադիր վարկը էական կորուստներ կկրի): Այս բոլոր ուժերն ու դրանցում եղած գործիչներն ինչքան էլ խոսեն ընդդիմադիր դիրքերից, ինչքան էլ սուր արտահայտվեն իշխանության հասցեին, վերջինս ինչքան էլ կոշտ դիրքորոշում դրսեւորի նրանց հանդեպ եւ առճակատման գործընթացներ գնան նրանց միջեւ, միեւնույն է, դրանք նրանց ընդդիմադիր չեն դարձնի: Հանրության համար այդ առճակատումը ավելի շատ հակամարտություն է իշխանական ու կիսաիշխանական տարբեր թեւերի միջեւ:

Առաջադրված ուժերից կոմունիստներին ընդդիմություն կարելի է համարել այնքանով, որքանով, այսինքն՝ ընդդիմություն են, քանի որ իշխանություն չեն: Բայց այս կուսակցության նվազ դերակատարումը, գրեթե բացակայությունը քաղաքական դաշտից, այս ուժի հանդեպ հանրային ուշադրությունը դարձրել է գրեթե զրոյական:

Հանրային տարբեր շերտերի կողմից ու ընկալումներում իրական ընդդիմության համարում ունեն առաջադրված մնացած երեք ուժերը՝ ՀԱԿ-ՀԺԿ, «Ելք» դաշինքները, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ինչքան էլ տարբեր շրջանակներ, նաեւ հենց իրենք՝ միմյանց հասցեին տարբեր պիտակներ կպցնեն, իրար մեղադրեն «արհեստական» ընդդիմություն լինելու մեջ: Մի բան հստակ է՝ այս երեք ուժերի հետեւորդները եւ պոտենցիալ ձայն տվողները ընդգծված ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդիկ են: (Իհարկե, ընդդիմադիր հայացքներ ու տրամադրություններ ունեցող շատ մարդիկ կան նաեւ «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքների ետեւում, անգամ՝ ՀՎ-ՕԵԿ-ի: Բայց դրանք ավելի շատ այն մարդիկ են, որոնք դեմ են իշխանությանը, բայց եւ կողմնակից չեն վերը նշված իրական ընդդիմադիրներին եւ, ընդդիմադիր այլ հարթակ չտեսնելով, կանգնել են այս ուժերի կողքին):

Ընտրություններում առաջադրված ուժերի դասակարգման մյուս տեսանկյուն-դիտակետերին անդրադարձ կկատարվի հաջորդ հրապարակումներում:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 180

Մեկնաբանել

comments