Ապաշխարության փոխարեն

Չափի զգացողությունն ու հանդուրժողականությունը բոլոր ժամանակներում մարդուն բնութագրող այն կարեւոր հատկանիշներից են, որոնք օգնում են լինել շրջահայաց, շփումներում` զուսպ, եւ նույնիսկ ատելության նոպայի պահերին չտրվել ուրիշներին ցավ պատճառելու մոլուցքին: Այն բազմապատիկ կարեւոր է հատկապես բոլոր մակարդակի պաշտոնյաների համար:

Մի քանի օր առաջ լրատվամիջոցներից ծանոթացա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու սրտաճմլիկ հայտարարությանը: Բարեբախտաբար, մեր ժամանակներում, ի տարբերություն սովետական լճացման տարիների, պաշտոնյաների փոփոխությունների հաճախականությունը մի փոքր ավելի բարձր է: Ճիշտ է, անկախության գրեթե երրորդ տասնամյակը բոլորող երկրի համար սա թույլ սփոփանք է, բայց, ինչպես ասում են, չեղածից լավ է: Սա ցավալիորեն մելանխոլիկ տրամադրություններ է առաջացնում պաշտոնն «անժամանակ թաղած» մերօրյա, արդեն նախկին պաշտոնյաների բացարձակ մեծամասնության մոտ:

Կարդալով Աբրահամյան Հովիկի (չնայած նրա անձը ավելի դիպուկ է բնութագրում երկար տարիներ լրատվամիջոցներում շրջանառվող մականունը, բայց էլ ու՜ր մնաց հանդուրժողականությունն ու չափի զգացողությունը) հայտարարությունը` շատ տպավորվեցի հատկապես հետեւյալ մտքից. «Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կուզենայի, որ լինեն նույնքան հայրենասեր եւ պետականամետ»:

Մարդկային առողջ բանականության մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում, թե ինչքան մեծ արհամարհանք կարելի է ունենալ սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ եւ թերարժեւորել նրան, ինչքան կարելի է ինքնասիրահարված լինել սեփական անձին, որպեսզի պետական պաշտոնյայի խղճուկ աշխատավարձով այս աղքատ երկրում հսկայական հարստություն դիզած մարդը (ցանկը չեմ ներկայացնում, որովհետեւ մամուլում բազմիցս հրապարակվել է եւ որեւէ անգամ չի վիճարկվել) այնքան բարոյազուրկ լինի` հրապարակավ հայտարարելու, որ ինքը հայրենասեր է եւ պետությանն ու պետականությանը նվիրված: Այդ երբվանից է ժողովրդին հարստահարելը հայրենասիրություն համարվում: Մնում է, որ թոշակառուների հինգ հարյուր հազարանոց բանակը, մանկավարժների եւ բժիշկների հետ ձեռք ձեռքի տված, ցույցերի շարք սկսեն` նրան վարչապետի պաշտոնին վերադարձնելու համար: Հաստատ «անտեր ու մոլորված» փողեր կլինեն մնացած: Հարկավոր է դրանք «ճիշտ» տնօրինել:

Հայրենասիրական մի դրսեւորում եւս: Դու չէի՞ր, որ կենաց ու մահու պայքարի մեջ էիր մտել գառնեցիների հետ` պետական փողերով ջրանցք կառուցելու եւ գյուղացիներին պատկանող ջուրը տեղափոխելու սեփական պլանտացիաների ոռոգման համար: Երեւի քիչ էր գյուղացիների կողմից ճշմարտությունը հրապարակավ երեսիդ շպրտելը: Երեւի տեղում պետք էր հաշվեհարդար տեսնեին, որպեսզի հասկացվեր, որ մարդիկ, հանձինս քեզ եւ քեզ նմանների, տեսնում են որպես իրենց հարստահարիչների, կամ, Պերճ Պռոշյանի լեզվով ասած, գյուղական ցեցերի:

Մեկ ուրիշ հերոսություն՝ եւս քո կատարմամբ: 2008 թվականին նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո առաջին գործողությունդ ո՞րն է եղել, հիշու՞մ ես: Դժվար թե հիշես: Հիշեցնում եմ, Վանաձորի առաջին քաղաքապետ, իսկ 2003 թվականից ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության երկրորդ բաժնի ղեկավար Անդրանիկ Հարությունյանին որպես ձեր կլանին չհարող եւ ինքնուրույն մտածող մարդու՝ հանցավոր ճանապարհով աշխատանքից հեռացնելն էր: Այդ գործում քեզ համար որպես գործիք փառահեղ օգտագործվեց օժիտի կարգավիճակով հետդ բերած եւ վերահսկողական ծառայության պետ կարգված Հովսեփյան Հովիկ կոչվածը: Էդ ծառան քաղծառայության խորհրդի նախագահին, ծառայողական քննությունը վարող՝ քաղծառայության խորհրդի աշխատակազմի վերահսկողության եւ վերլուծության վարչության այն ժամանակվա գլխավոր մասնագետ ոմն Սամսոն Սահակյանին, եւ վարչական դատարանի դատավոր Ա.Սարգսյանին այն աստիճանի ահաբեկեց, որ վերջիններս, առանց իրենց հաշիվ տալու, իրենց գործողություններով խաչ քաշեցին մի մարդու երեսուն տարվա վաստակի վրա, որը, ի տարբերություն իրենց, կանգնած է այս պետության ակունքներում եւ յուրաքանչյուր օր ապրել ու ապրում է իր երկրի շահի հստակ գիտակցումով: Աբրահամյան-Հովսեփյան խամաճիկների զույգը կարողացավ պահպանության ծառայությանը հրահանգել, որպեսզի Անդրանիկ Հարությունյանի մուտքը վերահսկողական ծառայություն արգելեն եւ արգելված օրերը որպես գործալքություն ներկայացնելով` ազատեն աշխատանքից եւ զրկեն քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանից: Ոչ քաղծառայությունում, ոչ դատարանում գործը վարող վերոհիշյալ պարոններից որեւէ մեկը չհարցրեց, լավ, էդ Հարությունյանը խելքը թռցրե՞լ էր, որ ամբողջ կյանքում բացի խրախուսանքներից ու պարգեւներից ուրիշ բանի չի արժանացել, հանկարծ մեկ-երկու խամաճիկի կամքով դարձավ գործալիք եւ ո՛չ դես, ո՛չ դեն, զրկվեց իր երեսուն տարվա վաստակից:

Հիմա ինչ-որ մեկը թակարդն ընկած մկան նման իրեն պատեպատ է տալիս, թե վայ, եկեք, հասեք, իմ նկատմամբ անարդար չեն վարվում, իմ ջրերը զուլալ ջրեր են, արտադրական թափոնները ինձ համար խորթ են: Այս մարդը իրականության զգացողությունը այնքան է կորցրել, որ ինքն իրեն հարց չի տալիս, որ այդ արտադրական թափոնը հենց ինքն է, որ կա: Բա ո՞ր ուրիշներին կեղտոտելու համար հանկարծ հաշիվ պահանջեն, եւ արդարությունը վերականգնելու նպատակով մարդամեկի մոտ վերջին քսան տարվա կերածդ հետ ստանալու ցանկություն առաջանա՞:

Եվ վերջում: Անդրանիկ Հարությունյանը, 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մասնակցելով Թալիշի հյուսիսում տեղակայված դիրքերի պաշտպանությանը, մայիսի երեքին մարտական հերթապահության ժամանակ ականի պայթյունից վիրավորված մարտական ընկերոջը օգնելիս ինքն էլ վիրավորվել է եւ կորցրել ոտքը: Օբյեկտիվորեն հարց է առաջանում` ինչու՞ մարդիկ, որոնք, հանճարեղ Սեւակի լեզվով ասած` «ելել են շալակն աշխարհի», առաջին իսկ ծակոցի դեպքում գոռում են կարաու՜լ, հասե՛ք, փրկե՛ք: Դե դիմացեք կյանքի «հմայքներին», բա սովո՞ր եք միշտ մկան նման կարասում հարմարավետ տեղավորվելուն կամ հրմշտելով լափամանին միշտ մոտ լինելուն:

Մուրադ Գասպարյան

Վանաձոր

Դիտումներ՝ 785

Մեկնաբանել

comments